Իշխող ուժը հերթական անգամ որոշ խորամանկությունների է դիմել և փորձում է մեզ ներկայացնել մի բան, որը ընդհանարպես անընդունելի է, այսօր լրագրողների հետ զրույցում, նման տեսակետ հայտնեց «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով` Ընտրական օրենգրքի նոր նախագիծը նախևառաջ խախտում է ժողովրդավարության սկզբունքը:
«Օրենքը վերաբերում է հասարակության բոլոր շերտերին, սակայն հանձնախմբում չեն եղել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ: Ի վերջո չեն անցկացվել հանրային քննարկումներ: Նրանք նախագիծը միանգամից ուղարկեցին Վենետիկի հանձնաժողով, որպեսզի միանգամից դաբրոն ստանային և ասեին, եթե Եվրոպան ընդունել է, այլևս քննարկման խնդիր չկա»:
Արամ Սարգսյանի խոսքով` ԸՕ-ի նոր նախագծի որոշ դրույթներ անհեթեթություն են և գրված են անհասկանալի լեզվով: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ստեղծել միջկուսակցական խորհուրդ, որ ամեն հարցի վերաբերյալ ձևավորի ընդունելի տարբերակներ: Միայն այդ պարագայում հնարավոր է հասնել ինչ-որ կոնսենսուսի: