Քաղաքականությունն ու իշխանափոխությունը հո կոկա-կոլա չէ՞, որ արդարացվի «կրկին փորձիր»-ի սկզբունքը. դեռ որքա՞ն է «Նոր Հայաստանն» անիրականանալի խոստումներ տալու. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այսօր հրավիրելու է հերթական հանրահավաքը, որի ընթացքում հերթական անգամ հնչելու են իշխանափոխության ծեծված կոչերը: Որքան էլ ցավալի է, սակայն հետզհետե ավելի ու ավելի սակավամարդ դարձող այդ հանրահավաքները վաղուց արդեն դադարել են գործոն լինելուց, եւ դա չտեսնելով ու նույն մարտավարությամբ շարունակելով` ընդդիմադիր այս ուժի ներկայացուցիչներն իրականում հիանալի նվեր են մատուցում իշխանություններին:

Իհարկե, մենք ամենեւին կոչ չենք անում հանձնվելու եւ պայքարը դադարեցնելու, սակայն որքան կարելի է նույն մաշված հարթակից նույն մաշված դեմքերով նույն մաշված հայտարարություններն անել: Երեկ «Նոր Հայաստան»-ի ղեկավար անդամներից Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է, թե անցած տարվա ապրիլի 24-ից եւ դեկտեմբերի 1-ից հետո իրենք պատրաստվում են երրորդ անգամ իշխանափոխություն իրականացնելու փորձ անել: Սէֆիլյանն ասել է, թե այդ նպատակով իրենք բանակցություններ են սկսել ընդդիմադիր ուժերի հետ՝ մի քանի շաբաթից միասնական ճակատով փողոց դուրս գալու համար:

Ընդ որում, նա նշել է ՀԱԿ-ի, ՀԺԿ-ի, «Քաղաքացիական պայմանագրի» անունները, ուժերի, որոնք նախորդ երկու անգամներին այդպես էլ չմիացան Սէֆիլյանի եւ նրա համախոհների` արտահերթ քաղաքական գործընթացների գնալու ռազմավարությանը: Սակայն չնայած դրան` Սէֆիլյանը համոզված է, որ «ընդդիմադիրների միավորումը, մարդկային ու նյութական ռեսուրսների կենտրոնացումը վերջապես տալու է արդյունք»: «Գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց շրջելով՝ ժողովրդին նորից պետք է հրապարակ բերել եւ վերջապես հաջողել այդ մոբիլիզացիան, ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել այս ռեժիմը»:

Լավ, քաղաքականությունն ու իշխանափոխությունը հո «կոկա կոլա» չէ, որ այստեղ արդարացված լինի «կրկին փորձիր» սկզբունքով շահելու մարտավարությունը` առանց որեւէ բան փոխելու: Քանի անգամ կարելի է նույն փոցխի վրա կանգնել եւ հանրությանն անընդմեջ անիրականանալի խոստումներ տալ:

Ի վերջո, Մարտի 1-ի հանրահավաքին հանրությունը շատ լավ տեսավ, թե ինչ արժի ՀԱԿ-ի, «Նոր Հայաստանի» եւ «Քաղաքացիական պայմանագրի» միասնականությունը, երբ այս երեք ուժերը չկարողացան անգամ համաձայնության գալ մեկ պարզ հարցի շուրջ` արժի հարթակից ելույթ ունենալ այդ օրը, թե ոչ: Այնպես որ, երրորդ անգամ չձախողելու համար Ժիրայր Սէֆիլյանն ու նրա համախոհները լավ կանեին, նախ հստակեցնեին իրենց մարտավարական եւ ռազմավարական բոլոր հարցերը (մեր ընդդիմությունն այնքան է սիրում խոսել մարտավարությունից եւ ռազմավարությունից), ապա միայն հայտարարեին իշխանափոխության նոր գործընթացի մասին: Թե չէ, «Նոր Հայաստանի» անվերջանալի հանրահավաքների արդյունքում հայ հանրությունը հայտնվել է «Արջամկան օրը» ֆիլմի հերոսների դերում, երբ ամեն օր կրկնվում է նույն բանը:




Լրահոս