Բաժնի պետն ազատվել է աշխատանքից «վերեներին չմուծվելո՞ւ» համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանում մարտի 14-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնի դարձավ, որ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված թերությունների պատճառով մարտի սկզբին Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետը եւ տեսուչներից մեկն ազատվել են աշխատանքից: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ:

-Պարո՛ն Ուլիխանյան, Նոր Նորքի թաղապետարանում պտտվող լուրերի համաձայն՝ քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Սահակ Հարությունյանը աշխատանքից ազատվել է այն պատճառով, որ գումար է վերցրել եւ այն Ձեր կամ բարձր ատյանների հետ չի կիսել: Ի՞նչ կասեք:

-Նման բան չկա, այդպիսի խոսակցություն չկա: Ես խնդրում եմ Ձեզ՝ հարցը ուրիշ դաշտ մի տեղափոխեք: Հենց իր ոչ լիարժեք աշխատանքի համար է ազատվել աշխատանքից, վստահություն չի ներշնչել: Մենք պաշտոնապես հայտարարել էինք, որ հայտնաբերել ենք ապօրինի շինարարություն, որի համար էլ համապատասխան բաժնի պետը եւ տեսուչը ազատվել են աշխատանքից: Նրանք աշխատանքից ազատվել են այն ոչ պատշաճ կատարելու պատճառով:

-Այնուամենանիվ, ըստ շրջանառվող լուրերի՝ խոսքը 500 դոլարի մասին է:

-Ոչ մի այդպիսի գումարային խնդիր չի եղել, եւ չի էլ կարող լինել: Նրանք ուղղակի իրենց աչքի առաջ արվող ապօրինի շինարարությունը չեն բացահայտել, չեն նկատել, ինչի համար էլ պատժվել են: Եթե որեւիցե մեկը նման բան թույլ տա եւ այդ կարգի ապօրինի շինարարությունը չնկատի, միանշանակ կազատվի աշխատանքից:

-Պարո՛ն Ուլիխանյան, մինչ հողօգտագործման բաժնի պետ նշանակվելը Սահակ Հարությունյանը ավտոմեխանիկ է աշխատել: Ինչպե՞ս է ստացվել, որ նա նշանակվել է բաժնի պետ:

-Նման ինֆորմացիա չունեմ, որ ինքը ավտոմեխանիկ է աշխատել: Իմ պաշտոնավարման տարին է նա ընդունվել, ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը, իսկ ես էլ ընդունել եմ գործի: Ի՞նչ կապ ունի այստեղ ավտոմեխանիկը:

-Բայց ըստ որոշ տեղեկությունների՝ նա ընտրությունների ժամանակ օգնել է իշխանություններին, ինչի համար էլ նշանակվել է հողօգտագործման եւ քաղաքաշինության բաժնի պետի պաշտոնում:

-Հարգելի՛ս, ինքը 4-րդ տարին էր, ինչ թաղապետարանում էր աշխատում: Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Նա ընդունվել է աշխատանքի, նորմալ աշխատել է, բայց ցանկացած պահի ցանկացած մեկը կարող է սայթաքել եւ համապատասխանաբար էլ պատժվել: Թե ինչ է եղել ժամանակին կամ ինչպես, ոչինչ չեմ կարող ասել:

-Սահակ Հարությունյանը Ձեր եղբոր՝ Ղուկաս Ուլիխանյանի ընկերն է եւ մտերիմ կապեր ունի Նոր Նորքի Դմբուզի հետ: Այս մտերմությունն էլ չօգնե՞ց նրան:

-Ինքը Նոր Նորքից է: Մենք բոլորս էլ երկար տարիներ ճանաչում ենք նրան, նա մեզ հետ շփվել է, Նոր Նորքում մեզ հետ ընկեր է եղել: Բայց դա ի՞նչ կապ ունի: Ուղղակի աշխատանքում թերացել է:

-Լավ, իսկ ինչ-որ բացատրություն տվել է Ս. Հարությունյանը, թե ինչո՞ւ է թերացել, ինչո՞ւ չի նկատել այդ ապօրինի շինությունը:

-Թերացել է, չի նկատել…

-Բայց ինչպես կարող էր չնկատել, եթե Ձեր խոսքով` նրա աչքի առաջ է եղել այդ շինարարությունը:

-Այո, չի նկատել: Բայց այդպիսի բանը չեն կարող չնկատել:

-Հիմա ո՞վ է իրականացնում քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի գործառույթները:

-Այդ պարտականությունները դրված են բաժնի գլխավոր մասնագետի վրա: Նա է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար: Ուզում եմ շեշտել, որ մշտապես իմ ուշադրության կենտրոնում են եղել աշխատակիցները, ես հետեւել եմ իրենց ցանկացած քայլին, որպեսզի բացառեմ նման երեւույթները եւ բացառել եմ: Նոր Նորքի վարչական շրջանում այդպիսի բաներ չկան, այս պարագայում, եթե նրանք չեն նկատել, ապա պետք է հեռանան մեզանից: Մենք նման մարդկանց հետ չենք աշխատելու:

-Պարո՛ն Ուլիխանյան, լավ, նրանք չեն նկատել, Դո՞ւք էլ չեք նկատել…

-Ես կարող է պահի տակ չնկատեմ, իսկ իրենք ողջ օրվա ընթացքում տարածքում են լինում: Դա իրենց պարտականությունն է, ես դա կարող էի նկատել 10 օր կամ մեկ շաբաթ անց:

-Իսկ ո՞ր հասցեի մասին է խոսքը, կոնկրետ որտե՞ղ է իրականացվել այդ ապօրինի շինարարությունը:

-Գայի պողոտա: Ապօրինի ինքնակամ շինարարություն են արել:

-Պարո՛ն Ուլիխանյան, համաձայնեք` Գայի պողոտան տեսանելի է բոլորի համար, այնտեղ ամեն ինչ նկատելի է…

-Դա իրականացվել է Գայի պողոտայի ետնամասում` ներս ընկած հատվածում, ուստի տեսանելի չէր:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս