ԱՄՆ դեսպանի պատասխանը ամերիկահայերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի մարտի 9-ին Հայաստանում կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների եւ ԱՄՆ-ի ֆինանսական օժանդակության վերաբերյալ խնդրի շուրջ Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպությունները բաց նամակ էին ուղղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Բաց նամակում հասարակական կազմակերպությունները թեեւ երախտագիտություն էին հայտնել ԱՄՆ կառավարությանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանին՝ Հայաստանին մտահոգող հարցերին լուծումներ տալու համար, սակայն միեւնույն ժամանակ նշել էին. «Հարկ ենք համարում ընդգծել, որ չնայած տարիների ընթացքում ԱՄՆ-ի եւ արտաքին այլ աղբյուրների կողմից տրամադրված զգալի օժանդակությանը, Հայաստանի ներկայիս եւ նախկին իշխանությունները լուրջ ջանքեր չեն գործադրել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հաստատման համար:

Անշուշտ, մենք անվերապահորեն խրախուսում ենք շարունակել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին: Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում ի հայտ եկած որոշ խնդիրներ, պատրաստակամություն ենք հայտնում օգնել բարելավել այդ հարաբերությունները եւ այդ նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք կարեւոր դիտարկումներ»:

Ըստ բաց նամակի հեղինակների` հասարակական կազմակերպություններն առաջին խնդիրը համարել են Հայաստանում տիրող խորը կոռուպցիան. «Լայնածավալ եւ համակարգային ընտրակեղծիքների պատճառով Հայաստանի քաղաքացիները փաստացիորեն զրկված են իրենց ղեկավարներին ընտրելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանը ղեկավարվում է չընտրված անձանց կողմից: Ավելին՝ Հայաստանի պատմության մեջ արձանագրված ամենախարդախ քվեարկություններից մեկը՝ 2015 թ. սահմանադրական հանրաքվեն, շատերի կողմից համարվում է Սերժ Սարգսյանի շարունակական իշխանությունն ապահովելու միջոցառում»:

Երկրորդ կարեւոր խնդիրը, որը Հայաստանի դատական համակարգում տիրող կոռուպցիան է, որի ապացույցն են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կայացված տասնյակ դատավճիռներն ընդդեմ Հայաստանի. «Քաղաքական ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունը գտնվում են հետապնդումների եւ բանտարկությունների սպառնալիքի տակ, իսկ քաղբանտարկյալների թիվը գնալով աճում է: Բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են ԱՄՆ-ի եւ այլ արեւմտյան նվիրատուների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրվել Հայաստանի իշխանություններին՝ դրա փոխարեն ստանալով բարեփոխումների խոստումներ:

Որպես կանոն, այդ խոստումները չեն իրականացել, բայց դա իշխանությունների համար որեւէ բացասական հետեւանքներ չի ունեցել: Արեւմուտքի շարունակական ֆինանսական օգնությունը եւ ՀՀ իշխանությունների շարունակական ձախողումները հանգեցրել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիների՝ իրենց իշխանությունների նկատմամբ ունեցած խորը հիասթափությանը, այլ նաեւ նրանց օտարել են արեւմտյան ժողովրդավարական արժեքներից: Հայաստանի քաղաքացիների համար տպավորություն է ստեղծվում, որ արեւմտյան տերությունների եւ Հայաստանի ռեժիմի նման համագործակցությունից նրանք միայն կարող են տուժել»:

Ավելին՝ վերջիններս նշել են, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օգնություն տրամադրելու ցանկացած պարագայում պետք է ավելի խիստ պայմաններ դնի Հայաստանի իշխանությունների առջեւ՝ նրանցից պահանջելով պատասխանատվություն, թափանցիկություն եւ շոշափելի արդյունքներ. «ԱՄՆ հարկատուները, որոնց մեջ են մտնում նաեւ շուրջ մեկ միլիոն հայեր, վրդովված կլինեին, եթե իմանային, որ իրենց հարկերից գոյացած պետական միջոցները անխելամտորեն տրվում են հայաստանյան կոռումպացված պաշտոնյաների:

Մենք` որպես մտահոգված սփյուռքահայեր եւ միաժամանակ ԱՄՆ-ի հարկատուներ, ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջում ենք չափազանց ուշադիր լինել Հայաստանի կոռումպացված պաշտոնյաներին Ամերիկայի հարկատուների դրամը տրամադրելիս: Մենք հավատացած ենք, որ ֆինանսական օգնություն պետք է տրվի ոչ թե իշխող ռեժիմին, այլ Հայաստանի ժողովրդին: ԱՄՆ վարչակազմին հորդորում ենք ավելի մեծ ճնչում գործադրել իշխող ռեժիմին եւ պահանջել, որպեսզի անմիջապես դադարեցնեն քաղաքական հետապնդումները, ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին եւ հետեւողականորեն քննեն սահմանադրական հանրաքվեի անցկացումը եւ արդյունքները»:

«Ժողովուրդ»-ը նամակի մասին պարզաբանում խնդրեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսից: Ի պատասխան մեր հարցման՝ դեսպան Միլսը ասել է. «ԱՄՆ դեսպանատունը գործակցում է կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն հանդես բերող թե՛ ոչ-կառավարական, թե՛ կառավարական հաստատությունների հետ: Ոչ-կառավարական ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ն իրականացնում է ծրագիր, որով օժանդակություն է ցուցաբերվում քաղաքացիական հասարակությանը, մասնավորապես «Թրանսփերենսի Ինթերնեյշընլի» ղեկավարությամբ գործող ՀԿ-ների կոնսորցիումին:

Բացի այդ՝ Ժողովրդավարության հանձնաժողովի մեր բազմաթիվ փոքր դրամաշնորհները ուղղվում են լրատվամիջոցների ու ՀԿ-ների առաջարկած այնպիսի ծրագրերին, որոնք նպատակ ունեն ուշադրություն բեւեռել կոռուպցիայի վրա եւ պայքարել դրա դեմ: Քաղաքացիական հասարակության հետ աշխատանքն անշուշտ կարեւոր է, սակայն փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ իրական քայլերի համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ կառավարությունը պետք է ուղղակիորեն ներգրավված լինի պայքարում: Դա է պատճառը, որ մենք աշխատում ենք այն պետական հաստատությունների հետ, որոնք ձեռնամուխ են եղել կոռուպցիայի դեմ պայքարին, եւ աշխատելով նրանց հետ՝ մենք մեր աջակցության շարունակականության համար առաջ ենք քաշում շոշափելի արդյունքների ապահովման հստակ պահանջ:

Օժանդակություն է ցուցաբերվում հակակոռուպցիոն խորհրդին, որը պատասխանատու է կառավարության ընդհանուր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման համար: Դրանից զատ՝ ԱՄՆ ՄԶԳ նաեւ գործակցում է ֆինանսների նախարարության հետ հարկային վարչարարման ու բարեփոխումների շուրջ եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ սոցիալական նպաստների ու կենսաթոշակային համակարգերի ավտոմատացման շուրջ: Այս երկու ծրագրերի շրջանակում էլ գրանցվել են մեծ հաջողություններ թափանցիկության մեծացման ու կոռուպցիոն հնարավորությունների կրճատման մասով»:

Քնար Մանուկյան




Լրահոս