ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՐԱՄՆԵՐ` ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՈՒ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 4 տարի է, ինչ հաճարից պատրաստված նստարաններն ու աղբամանները մայրաքաղաք Երեւանի արտաքին կահավորման մաս են կազմում: Սակայն «Երեւան» ձուլվածքով այդ նստարանները, ինչպես նաեւ աղբամանները խիստ թանկարժեք են, եւ դրանց ձեռքբերման համար քաղաքային բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում:

Երեւանի քաղաքապետարանը ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի նախատեսել է գնել գերթանկարժեք նստարաններ եւ աղբամաններ: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նստարանների, աղբամանների, հայտարարությունների փակցման գրատախատակների համար հատկացվել է 163 մլն 330 հազար դրամ:
Մասնավորապես ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսել է գնել 550 հատ նստարան, որոնց համար վճարելու է 90 մլն 750 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր նստարանն արժի 165 հազար դրամ: Նաեւ գնվելու է 610 հատ աղբաման՝ 47 մլն 580 հազար դրամով: Յուրաքանչյուրի համար վճարվելու է 78 հազար դրամ: Բացի այս՝ քաղաքապետարանը նախատեսել է ընթացիկ տարվա համար գնել հայտարարությունների փակցման համար նախատեսված 50 գրատախտակ, որոնց համար քաղաքային բյուջեից կծախսվի 5 մլն դրամ: Երկաթե այս գրատախտակների մեկ հատն արժի 100 հազար դրամ:
Մեզանից յուրաքանչյուրը երեւանյան փողոցներում կամ կանգառներում հաճախակի է հանդիպել գետնին տապալված կամ կոտրված այս գրատախտակների: Իսկ քաղաքապետարանը, կարելի է ասել, միայն գնելուց է պատրաստակամ, բայց դրանց հետեւելու, պահպանելու ժամանակ տեղում չէ: Այստեղից կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները իրենց կողմից գնված, տեղադրված գույքի նկատմամբ անտարբեր են: Սա վերաբերում է նաեւ գերթանկարժեք աղբամաններին ու նստարաններին: Երեւանում ամեն քայլի կարելի է հանդիպել լաքաթափված, գունազրկված, արեւից խամրած կամ կոտրված նստարանների ու աղբամանների: Եվ այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք անհրաժեշտ է նման թանկարժեք աղբամաններ ու նստարաններ գնել այն դեպքում, երբ մեր հանրապետությունում պաշտոնապես աղքատությունը կազմում է 35 տոկոս:
Նշենք, որ 2015 թվականի տվյալներով` այդ նստարանների թիվը մայրաքաղաքում հասել է 3000-ի, իսկ աղբամաններինը՝ 2000-ի: Ընդ որում, յուրաքանչյուր նստարանը՝ 165.000, իսկ աղբամանը՝ 77.000 դրամ արժողությամբ:
Բայց սա դեռ ամենը չէ. քաղաքապետարանը այս տարվա համար նախատեսել է գնել նաեւ հեծանիվների կանգառներ, որոնցից յուրաքանչյուրի համար վճարելու է 125 հազար դրամ: Ընդհանուր առմամբ կգնվի հեծանիվների համար նախատեսված մետաղական 40 հատ կանգառ, որոնց համար կհատկացվի 5 մլն դրամ: Իսկ, ահա, ծառաբների համար նախատեսված մետաղական 30 հատ ծածկի համար նախատեսել է հատկացնել մոտ 5 մլն դրամ: Այսինքն՝ այդ ծածկերից յուրաքանչյուրը կարժենա 166 հազար դրամ:
Դեռ մի քանի տարի առաջ, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշեց ձեռք բերել «Երեւան» ձուլվածքով նստարաններ եւ նմանատիպ աղբամաններ, դրանց պատրաստման համար ընտրվեց «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպությունը: Սա, իհարկե, շատերին դուր չեկավ, եւ մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ նստարաններն ու աղբամանները որքան էլ գեղեցիկ են, այնուամենայնիվ, իրենց արժեքին անհամապատասխան են: Սակայն չնայած դժգոհություններին՝ քաղաքապետարանն արդեն որերորդ տարին է՝ անփոփոխ կերպով նույն ընկերությանն է պատվերներ տալիս:
«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը: Առաջին հայացքից այս անունները հանրությանը ոչինչ չեն հուշում:
Բայց «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ Կառլեն Գեւորգյանը, ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Իսկ հիմնադիրներից Վարդան Վարդանյանը, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքաշինության նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին հենց աշխատել է Կառլեն Գեւորգյանը:
Ինչեւէ, նկատենք, որ «Նիկոլ Դուման»-ի առաջարկած մեկ նստարանի գնով քաղաքապետարանը կարող էր մեկ այլ կազմակերպությունից գնել երկու կամ երեք նստարան: Եվ նաեւ սա նկատի առնելով` հանրության համար անհասկանալի է, թե ինչու են քաղաքային իշխանությունները նման անհարկի շռայլություններ թույլ տալիս: Ի վերջո, աղբամանն ու նստարանը շքեղության միջոցներ չեն, այլ ընդամենը քաղաքային կահավորանքի մի մաս:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ
Հյուսիսային Կորեան երեկ՝ առավոտյան 5:20-ին, Հվանհեի հյուսիսային հատվածից 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Ռեակտիվ հրթիռները թռել են մոտ 500 կմ: Ճապոնիայի իշխանությունները քննադատել են ԿԺԴՀ-ին՝ փոքր հեռավորության հրթիռների արձակման համար: Միեւնույն ժամանակ Տոկիոյում ենթադրել են, որ այդ կերպ ԿԺԴՀ-ն արձագանքում է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժություններին:

 

 

ԷՐԴՈՂԱՆԸ  ԿՕԳՆԻ  ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻՆ
Թուրքիան չի ճանաչում եւ չի պատրաստվում ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում խախտել է միջազգային իրավունքը: Պորոշենկոն խնդրել է Էրդողանին ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ օգնել Ղրիմը վերադարձնելու հարցում: Նախօրեին կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահները հայտարարել են ազատ առեւտրի գոտի ստեղծելու մտադրության մասին:

 

 

ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի հերթական նիստի ժամանակ պաշտպանել է երկրում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը՝ Փայլանը մեղադրել է երկրի իշխանություններին քրիստոնյաների եւ մյուս կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատության իրավունքը խախտելու մեջ: «Բոլորս, այդ թվում եւ ես, հարկ ենք վճարում, քրիստոնյաները, մուսուլմանները, ալեւիները, բոլոր դավանանքի եւ կրոնի տեր մարդիկ հարկ են վճարում: Սակայն կրոնական գործերի նախարարությունը ծառայում է միայն մեկ կրոնի եւ դրա մի ուղղությանը»֊նշել է պատգամավորը:
Գարոն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս արած հայտարարությանը, թե «կրոնական հասարակություն է ցանկանում»: Հայազգի քաղաքական գործիչը հետաքրքրվել է, թե այդ պարագայում ինչո՞ւ չեն բացվում հոգեւոր դպրոցները: «Այսինքն՝ քրիստոնյաները կրոնական լինելու իրավունք չունե՞ն: Ինչո՞ւ, օրինակ, Հայոց պատրիարքարանի հոգեւոր դպրոցը պետք է փակ լինի: Կամ Հեյբելի կղզու հոգեւոր դպրո՞ցը»,- հարցադրում է արել Փայլանը: Նա փաստել է, որ կրոնական գործերի նախարարությունն օգտագործում է իրենց հարկերից գոյացած բյուջեն, սակայն արդյունքում ինքը չի ստանում ազատ եւ հավասար դավանանքի իր իրավունքը:

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ
Հայաստանի Հանրապետության կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի եւ Վարդան Այվազյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված նախագծերի փաթեթը: Խոսքը Եվրասիական տնտեսական միության տարածքից ավտոմեքենաների ներկրման ավելացված արժեքի հարկը վերացնելու մասին է:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունն արդեն հանդես է եկել նման առաջարկով եւ դա համարել է հրատապ. «Ամբողջովին համընկնում է մեր մոտեցումներին, եւ մենք աջակցում ենք այս որոշմանը»,- եզրափակեց նա:
Կառավարության եզրակացությունում նշված է, որ նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք՝ ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ:
Նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

 

132 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության երեկվա որոշմամբ Հանրային հեռուստաընկերությանը հատկացվեց 132 մլն դրամ: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագիր, որի վճարման ժամկետը հետաձգվել է մինչեւ 2016թ. սեպտեմբերի 15-ը, ուստի ծրագրին աջակցելու նպատակով առաջարկվում է պահուստային ֆոնդից հատկացնել 132 մլն դրամ եւ ազատել 2016թ. գործունեության արդյունքներով 2017թ. պետական բյուջեի շահութաբաժնի վճարումից:




Լրահոս