Հարց քաղաքացիներից` առանց անձնագրի կրկնօրինակի չե՞ն վերցնում քաղաքացու նամակ-դիմումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Օրեր առաջ այցելեցի Երեւանի քաղաքապետարան, որպեսզի դիմում հանձնեմ: Ինձ պատասխանեցին, որ առանց իմ ID քարտի կամ անձնագրի կրկնօրինակի չեն կարող ընդունել իմ դիմումը: Փոքր-ինչ վիճաբանեցի, բայց ոչ մի արդյունքի չկարողացա հասնել: Չնայած ես քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրեցի իմ հեռախոսահամարը, բնակության հասցեն, բայց նրանք այդպես էլ չվերցրին իմ դիմումը: Մի՞թե սա նոր կարգ է `առանց անձնագրի կրկնօրինակի չվերցնել քաղաքացու նամակ-դիմումները:

Սերգեյ Հայրապետյան (57 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետում նշվում է, որ եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր: Քաղաքացու դիմումի պատասխանը, որը հանդիսանում է գրավոր վարչական ակտ, քանի որ դրանում արտացոլված են վարչական ակտին բնորոշ բոլոր տարրերը, եւ այն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման համար, համաձայն նույն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի, որպես կանոն, պետք է հանձնվի վարչական վարույթի մասնակիցներին ստորագրությամբ, առձեռն հանձնելու միջոցով:  Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիմումատուից ընդամենը պահանջվել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:




Լրահոս