Ինչպես հայտնի է` ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նախօրեին պաշտոնական նամակով դիմել է Աժ նախագահին եւ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահին` առաջարկելով նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ սկսել 4+4+4 ֆորմատով բանակցություններ: Նշենք, որ այդ ֆորմատով քննարկումները իշխանությունները սկզբունքորեն ընդունելի էին համարել` պայմանով, որ այն ԸՕ նախագծի քննարկումների միակ հարթակը չի լինելու, եւ իրենք այդ ձեւաչափում քվեարկության արդյունքում որեւէ զիջման գնալու պարտավորված չեն լինեու: Ի տարբերություն իշխանությունների՝ ՀԱԿ-ի այս առաջարկին շատ ավելի սառը եւ մերժողական վերաբերմունք ցուցաբերեցին ընդդիմադիր դաշտի ուժերը: Նախ` ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, որ իրենք չեն միանալու Լեւոն Զուրաբյանի առաջարկած միասնական պլատֆորմին, ապա նշեց, որ իրենք գուցե եւ մասնակցեն, սական վստահ են, որ 4+4+4 ձեւաչափը որեւէ էական արդյունք չի տալու:
Այս ձեւաչափի դեմ հանդես եկավ նաեւ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» ընդհանրապես չարձագանքեց, Աժ-ում ներկայացված մնացած ընդդիմադիր պատգամավորներից էլ կարծես թե առանձնապես ոգեւորված արձագանքներ չեղան: Իսկ, ահա, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավարները հայտարարեցին, թե ՀԱԿ-ը կարիք չուներ իշխանությանն իր առաջարկությունները ներկայացնելու համար նրանց հետ բանակցային սեղանի շուրջ նստել: Միով բանիվ, ակնհայտորեն ՀԱԿ-ի այս առաջարկը խանդի տեսարանների տեղիք տվեց ընդդիմադիր դաշտում այն դեպքում, երբ դրան որպես այլընտրանք ընդդիմության կողմից ավելի լավ առաջարկ այդպես էլ չարվեց:
Մյուս կողմից էլ նախօրեին «Նոր Հայաստան»-ը հանդես եկավ իշխանափոխության իրականացման «ճանապարհային քարտեզով»` ակնկալելով, որ դրան կմիանան ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն եւ Նիկոլ Փաշինյանը, սակայն այս դեպքում էլ վերջիններս բավականին սառը արձագանքեցին, ոմանք էլ նշեցին, թե հրապարակվածը ամենեւին «ճանապարհային քարտեզ» չէ եւ ուղղակի անիմաստ կրկնություն` արդեն 2 անգամ ձախողված սցենարի: Ասել է, թե այս ճակատում էլ ընդդիմադիր ուժերի միավորման գործընթացը չկայացավ:
Ընդ որում, այստեղ բավականին երկակի վիճակում է հայտնվել «Ժառանգություն» կուսակցությունը, որի մի մասը «Նոր Հայաստանի» շրջանակներում բոյկոտում է ԸՕ շուրջ իշխանությունների հետ որեւէ բանակցոթյուն, մյուս մասն էլ, ի դեմս Աժ-ում կուսակցության միակ ներկայացուցչի, հայտարարում, թե «Ժառանգությունը» ՕԵԿ-ը եւ ՀԱԿ-ը կներկայացնեն ԸՕ վերաբերյալ միասնական առաջարկներ:
Եվ, ահա, ընդդիմության այս պառակտված եւ անհասկանալի գործելակերպի արդյունքում էլ միջազգային կառույցները եվս մեկ անգամ համոզվում են, որ Հայաստանում, ի դեմս ընդդիմության, իրենք չեն կարող ունենալ հուսալի եւ կանխատեսելի գործընկեր, ուստի ստիպված են լեզու գտնել Սերժ Սարգսյանի հետ` աչք փակելով նրա հրահանգով մշակված ընտրական օրենսգրքի թերությունների վրա: