«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը մարտի 13-ին հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պատրաստվում է իշխանափոխության 3-րդ փուլը նախաձեռնել: Սէֆիլյանը հայտնել էր, որ ծրագիրն իրականացնելու նպատակով առաջիկայում ընդդիմադիր ուժերի հետ բանակցություններ են սկսվելու:
Նկատենք, որ արդեն երրորդ անգամ իշխանափոխություն ունենալու ցանկություն հայտնող քաղաքական ուժի հանդեպ ժողովրդի վստահությունն գնալով նվազում է, ինչի վառ ապացույցը նրանց կողմից իրականացվող ավելի ու ավելի սակավամարդ դարձող հանրահավաքներն են:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ` պարզելու, թե ովքե՞ր են պատրաստ բանակցություններ սկսել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետ:
-Պարո՛ն Հայրիկյան, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հերթական անգամ կոչ է անում գնալ իշխանափոխության: Այս առնչությամբ Ձեր դիրքորոշումը ո՞րն է:
-Միանգամից մի բանի վրա ուշադրություն դարձնենք․ հրապարակային ընդվզման անհրաժեշտության մասին խոսելիս չի կարելի սեւեռվել մեկ եւ կատարելապես անորոշ ու անհստակ գործելակերպի վրա: Դա նաեւ հակագիտական է: Չի կարող դեպի մեծ նպատակը տանող միայն մեկ ճանապարհ լինել: Այնպես որ նաեւ ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխել երազելը ավելի հուսահատ բան չէ, քան հենց այնպես ժողովրդի ընդվզմանը սպասելը: Հայաստանն այսօր կրկին մեկ խնդիր ունի՝ ազատագրել ռուսական լծից ընդհանրապես եւ տեղում, վերջ տալ լրտեսների իշխանությանը: Այս երկուսն իրար հետ այն աստիճանի են քրեականացրել ու արժեքներից զուրկ դարձրել հանրությունը, որ ոչ միայն բարձր ազատագրական գաղափարները այլեւ պարզ, առողջ բանականությունը հենարան չեն գտնում հանրային տրամադրություններում:
Արփինե Թովմասյան