Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը համերգ է ունեցել Բեյրութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության կազմակերպմամբ մարտի 12-ին «Լևոն Շանթ» կենտրոնի «Գ. և Հ. Արմենյան» սրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի համերգը: Քառյակի անդամներն են` Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ)։

Համերգին երաժշտասեր բազմության կողքին ներկա էին նաև «Ալ Բուստան» միջազգային փառատոնի տնօրենը, ի դեպ փառատոնի հրավերով էր Երիտասարդական նվագախումբը ժամանել Բեյրութ, և Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Քառյակը ներկայացրեց Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի, Խաչատրյանի, Հարությունյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հանդիսատեսը մեծապես գնահատեց այս բացառիկ քառյակի կատարումները և հոտնկայս ողջունեց երաժիշտներին երկար ծափահարություններով։

Նշենք, որ Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։ Քառյակի ստեղծման հիմնական նպատակն է սերունդների միջև կապի ամրապնդումն ու հայ երաժշտական ժառանգության պահպանումը և արժևորումը։ Քառյակի անդրանիկ համերգը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբեր 28-ին։




Լրահոս