Հարց քաղաքացիներից` 23 տարվա մանկավարժական ստաժ ունեցող անձը կարո՞ղ է ամբողջական թոշակ ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ստանում եմ մանկավարժական մասնակի թոշակ, նշեմ, որ ունեմ 23 տարվա մանկավարժական ստաժ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ 62 տարիս լրանալուն պես դիմել ամբողջական թոշակ ստանալու համար:

Սուսաննա Թադեւոսյան (61 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: Միաժամանակ հայտնում եմ, որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ (62 տարին լրանալու դեպքում) տարիքային կենuաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային uտաժ եւ չի աշխատում: Ելնելով վերոգրյալից՝ Ձեր 62 տարին լրանալու դեպքում Դուք կենսաթոշակի տեսակը փոխելու հարցով կարող եք գրավոր դիմել Ձեր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում, եթե ունենաք 35 տարվա աշխատանքային uտաժ եւ չաշխատեք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:




Լրահոս