Մարտի 24-ին Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստանի» աջակիցները, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները մի քանի քաղաքացիների հետ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին: Ոստիկաններն ուժով ակցիայի մասնակիցներին հեռացրին պողոտայի երթեւեկելի մասից, որի ընթացքում գլխի վնասվածք ստացավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը: Նրա պնդմամբ ոստիկաններից մեկը ոտքով հարվածել էր իրեն:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Կարո Եղնուկյանի հետ: «Շաբաթ օրը կնոջս կանչեցին դատաբժշկական փորձաքննության, ոչ իմ բողոքի հիման վրա: Կնոջս ճակատը եւ աչքն այտուցված են, կան ականատեսներ, որ կնոջս գլխին հարվածել են, կա տեսագրություն, եւ եթե այս ամենից հետո նրանք չեն ուզում իմ կնոջը ճանաչել որպես տուժող եւ արագ գործին ընթացք տալ, ուրեմն ես լուրջ կասկածներ ունեմ, որ նրանք ուզում են գործը ձգձգեն եւ կոծկեն»,- ասաց Եղնուկյանը: