«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵՆԵՋՄԵՆԹԸ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԿԵՆԱՑ ՀԱՑԻ ՊԵՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օպերային երգչուհի Սիրանուշ Գասպարյանը, ով ամիսներ առաջ Սոչիի ֆիլհարմոնիայի կողմից ստացել է մշտական աշխատանքի հրավեր, նշում է, որ ինքը հայրենիքից մշտապես չի հեռացել եւ հավելում, որ չէր ուզի` իր մշտական գործատուն լիներ մեկ ուրիշ օպերային թատրոն, եթե մենք ունենք մերը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին անդրադարձել է նաեւ հայ արվեստը աշխարհի հայտնի թատրոններին ու մշակութային օջախներին ներկայացնելու խնդրին:

-Սիրանո՛ւշ, փաստորեն Դուք, լինելով հրավիրյալ արվեստագետ, աշխատում եք միաժամանակ մի քանի տեղ:
-Այո, տարիների մեր ծանոթությունն ու համագործակցությունը Ռախմանինովի անվան լարային քառյակի հետ զարգացավ եւ ունեցավ իր արդյունքը. Սոչիի նորահիմն Կամերային ֆիլհարմոնիայի կողմից հրավիրվեցի որպես մշտական մեներգչուհի: Նշեմ, որ հիմնադիրը հիշատակածս քառյակի ղեկավար Սերգեյ Ցեդրիկն է: Շատ ուրախ եմ այդ հրավերի համար, քանի որ գործելու եւս մեկ ասպարեզ բացվեց: Իրենք շատ ակտիվ են, հետաքրքիր ծրագեր ունեն, շուտով կմեկնարկի նաեւ համերգային շրջագայությունների ծրագիրը: Այս ճանապարհով եւս երաժշտասեր հանրությանը կմատուցվի հայ երգն ու երաժշտությունը, քանի որ մեր համատեղ ելույթների ժամանակ ծրագրում միշտ ներառում եմ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Առաջիկայում մի համերգ պիտի նվիրենք Մեծն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործություններին: Վստահ եմ, որ ռուս ունկնդիրները մեծ ոգեւորությամբ եւ հիացմունքով կընդունեն կոմիտասյան մեղեդիները:
-Առաջիկայում ի՞նչ հետաքրքիր հրավերներ, ծրագրեր ունեք, կա՞ն ուշագրավ նախագծեր, որոնց շրջանակներում ընդգրկված եք:
-Օպերային նոր դերերգեր եմ պատրաստում, որպեսզի հանդես գամ մեր Ազգային օպերային թատրոնի բեմում: Այդ մասին առավել հանգամանալից կխոսեմ բեմադրությունից առաջ: Ապրիլ ամսվա ընթացում մենահամերգ կունենամ քաղաքամայր Երեւանում, ծրագրում լինելու են ռուսական ռոմանսներ: Այդ ծրագրով, տարվա ընթացքում, հանդես կգամ Ռուսաստանի որոշ քաղաքներում: Նշեմ, որ այս նախագիծն իրականացնում եմ կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանի հետ համագործակցությամբ: Մի մենահամերգ էլ պետք է ունենամ Գերմանիայից ժամանող երգեհոնահարի հետ` նվիրված բարոկկո շրջանի երաժշտությանը: Տարվա ընթացքում հերթական մաստերկլասի կմասնակցեմ Ավստրիայում: Չեմ ուզում որեւէ նման առիթ բաց թողնել, քանի որ դրանք մեծապես նպաստում են վոկալ արվեստի կատարելագործմանը:
-Ի՞նչն է պատճառը, որ Ձեզ չենք տեսնում մեր օպերային թատրոնում: Կարծես թե Ձեզ` որպես մասնագետ, հաջողվում է ռեալիզացվել երկրից դուրս:
-Անկեղծ ասած` օպերային արվեստին բավականին ուշ անդրադարձա, գերադասում էի համերգային կատարումները: Ընդամենը մեկ տարի առաջ մասնակցեցի օպերային թատրոնի կողմից կազմակերպված լսումներին: Եվ քանի որ օպերային թատրոնում մեներգչուհու նոր հաստիք չկար, ուստի ինձ աշխատանքի ընդունեցին պայմանագրային հիմունքներով` որպես հրավիրյալ մեներգչուհի` գլխավոր դերերգերի համար: Սկզբում համաձայնեցի, եւ արդեն մեկ տարի է, որ այդպես աշխատում եմ, սակայն այդ կարգավիճակն անհասկանալի էր, քանի որ մեկ տարվա ընթացքում հանդես եկա լոկ մեկ համերգի ընթացքում: Մինչդեռ լիահույս էի, որ ինձ սպասվում էր հագեցած առօրյա, բայց, ցավոք, իմ ակնկալիքները չարդարացան. այդ պատճառով որոշեցի չերկարացնել իմ պայմանագիրը` սպասելով համագործակցության առավել գործնական առաջարկության: Ինձ համար մեր Ազգային օպերային թատրոնում աշխատելը եւ այդ թատրոնի անվամբ հանդես գալը մեծ նշանակություն եւ կարեւորություն ունի: Չէի ուզի, որ իմ մշտական գործատուն լիներ մեկ ուրիշ օպերային թատրոն, երբ մենք ունենք մերը, իր երբեմնի հարուստ պատմությամբ եւ հանրահայտ մեներգիչներով: Ամեն մի երաժիշտ եւ պատասխանատու ղեկավար պետք է ջանք ու եռանդ չխնայի այդ կարեւոր օջախի պահպանման եւ զարգացման համար:
-Ի՞նչը Ձեզ տարավ արտերկիր եւ ի՞նչը կարող է Ձեզ վերադարձնել հայրենիք` մշտական բնակության:
-Ես իմ հայրենիքից մշտապես չեմ հեռացել: Պարզապես իր կոչմանը գիտակից երաժիշտը չի կարող մի տեղում գործել. նա պարտավոր է լինելու նաեւ այնտեղ, որտեղ իր արվեստի կարիքն է զգացվում, որտեղ կան մարդիկ, որոնք ուզում են հաղորդակցվել այդ արվեստին: Դա մի ճանապարհ է, որը մեծ ճանաչում է բերում սեփական երկրին, ժողովրդին: Դու արվեստագետ չես միայն քեզ համար, դու, եթե, իհարկե, բարձր արվեստ ես կերտում, պատկանում ես ամենքին, ուրեմն պարտավոր ես քո աշխատանքով, կյանքով ծառայելու նաեւ հայրենիքին եւ ժողովրդին: Այս առումով ճիշտ է, որ արվեստագետը պարբերաբար հանդես գա նաեւ դրսում եւ այդպես բերի իր օգտակարությունը: Արտերկրում գործելը նաեւ շահավետ է զուտ անհատական կյանքի վիճակը բարելավելու համար, ցավոք, մեր երկրում դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով կան սոցիալական դժվարություններ… Իմ մաղթանքն է, երազանքը, որ այդ բոլոր դժվարությունները վերանան, բարեկեցիկ դառնա հայաստանցիներիս կյանքը, եւ այստեղ էլ արժանապես գնահատվեն ու վարձատրվեն երաժիշտներն ու ընդհանրապես բոլոր արվեստագետները:
-Հայաստանում, որպես ոլորտի մասնագետ, Ձեզ ի՞նչ է պակասում:
-Արդյունավետ մենեջմենթի կարիք կա. դա կենաց հացի պես հարկավոր է: Ինչո՞ւ հայ արվեստագետը պետք է դռնեդուռ ընկնի, որ մեկին գտնի եւ իր համար ճանապարհ հարթի… Մի՞թե մենք չենք կարող դա անել: Վստահ` կարող ենք, բայց, ցավոք, չկա համընդհանուր մտածողություն եւ հոգատարություն: Մինչդեռ, եթե լիներ դա` մենք մեր հարուստ պոտենցիալով հեղեղած կլինեինք միջազգային մշակութային ասպարեզը: Այսօր միայն մի քանի հայի անուններ են լսելի տարբեր կողմերում: Իսկ ինչքան լավ կլիներ, մեզ շատ շահեկան, եթե հայ մենեջերներն աշխարհի հայտնի թատրոններին ու մշակութային օջախներին ներկայացնեին ու վաճառեին հայ արվեստը: Այս ամենի ֆոնին շատ ուրախալի է, որ մեր իրականության մեջ կան անհատներ, որոնք ջանք չեն խնայում հայի անունը հնչեցնելու տարբեր բեմահարթակներում, ինչպես նաեւ` Հայաստան են բերում համաշխարհային անուններ:
-Մի առիթով նշել եք, որ Ձեզ հոգեհարազատ են Վագների օպերաները: Ո՞ր օպերայի շրջանակում է, որ դեռ չեք ներկայացել, բայց կցանկանայիք դերերգ ունենալ:
-Այո, Վագները իմ նախընտրելի կոմպոզիտորն է, բայց ես հաճույքով եմ կատարում նաեւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք իմ ձայնին հարմար են: Շատ կցանկանայի Վերդիի Մակբեթի դերերգով հանդես գալ, ինչպես նաեւ նորից կատարել Տուրանդոտի դերերգը, սակայն ոչ թե համերգային տարբերակով, այլ օպերային բեմադրությամբ: Լիահույս եմ, որ իմ արտերկրյա մենեջերները շատ շուտով այդպիսի հնարավորություն կստեղծեն, եւ ես այդ ուրախալի լուրը կկիսեմ իմ երգարվեստի սիրահարների հետ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող «Future Fashion Faces World-2016» («Աշխարհի ապագա մոդելային դեմքեր-2016») մրցույթին Հայաստանի մասնակցության մասին` նկատելով, որ հայ մոդելները Թուրքիա մեկնելուց չեն խուսափում: Տեղեկացրել էինք, որ մեր մասնակիցները երկուսն են` 23-ամյա Սյուզի Ազարյանը (Երեւան), ով մասնակցել է հեռուստանախագծի եւ բազմաթիվ ցուցադրությունների, եւ 16-ամյա Լիդա Սերոբյանը (Դիլիջան), ով ներգրավվել է նորաձեւության ցուցադրություններում եւ մի շարք մրցույթներում:
Մեր պատվիրակությունը Անթալիա էր մեկնել մարտի 12-ին: Մրցույթի ազգային տնօրենը «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է, որի հիմնադիր Գեւորգ Ասատրյանը «Ժողովուրդ»-ին ուրախությամբ տեղեկացրեց մեր ունեցած ձեռքբերումների մասին: Այսպիսով` մեր մասնակիցներից Լիդա Սերոբյանը դարձել է միանգամից երկու անվանակարգի հաղթող` «Promising» («Խոստումնալից») եւ «Personality» («Անհատականություն»):
«Շատ դժվար մրցույթ էր, բոլոր մասնակիցները բավական ուժեղ էին, նրանք մոդելային ասպարեզում իրենց երկրների առաջին դեմքերից էին, ինչպես նաեւ` հայտնի հաղորդավարներ. ոչ մի պատահական մարդ չկար: Ես ինքս, լինելով միջազգային ժյուրիի անդամ, նկատեցի, որ ժյուրիի թուրք անդամները, թեեւ բարեհամբույր էին մեր նկատմամբ, սակայն ինչ-որ ներքին «համախմբում» կար. շատ բարձր միավորներ մեզ բաժին չէին ընկնում: Գլխի ընկա, որ դժվարությամբ պետք է հաղթահարեինք խոչընդոտները»,- պատմեց Գ. Ասատրյանը` հավելելով, որ մրցույթը կազմակերպված էր բավական բարձր մակարդակով: Ասոցիացիայի հիմնադիրը նաեւ նշեց, որ մրցույթի` ամենաերիտասարդ մասնակիցը Լիդան էր: Նա վերոհիշյալ անվանակարգերում հաղթող դառնալուց հետո արդեն հասցրել է մասնակցության հրավեր ստանալ ապրիլին Թբիլիսիում եւ Քութայիսում զուգահեռաբար անցկացվելիք «Miss Galaxy-2016» միջազգային մրցույթի տնօրենից:
Նշենք, որ «Future Fashion Faces World-2016»-ին մասնակից երկրների թվում են Ֆրանսիան, Ալբանիան, Բուլղարիան, Պորտուգալիան, Կոսովոն, Նամիբիան, Անգոլան, Թուրքիան, Վրաստանը, Հունաստանը, Մակեդոնիան, Լատվիան, Լիտվան, Ալժիրը, Շրի Լանկան եւ այլն: Իսկ, օրինակ, Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել մրցույթին. «Որքան հասկացա` պատճառը ֆինանսական խնդիրներն էին»,- ասաց Գ. Ասատրյանը:
Իսկ մրցույթի գլխավոր մրցանակները հավասարապես շնորհվել են 4 հոգու` Թուրքիայից` մեկ արական եւ մեկ իգական սեռի ներկայացուցչի, Կոսովոյից` մեկ արական, Ալժիրից` մեկ իգական սեռի մոդելների:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՄԱՔՔԱՐԹՆԻԻՆ ԿՆԿԱՐԱՀԱՆԵՆ
The Beatles¬ի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին կնկարահանվի «Կարիբյան ծովի ավազակները» ֆիլմի հինգերորդ մասում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»¬ը՝ հղում անելով Deadline¬ին: Թե ինչ դեր է խաղալու երաժիշտը, առայժմ չի ճշտվում: Ֆիլմի նկարահանումները գրեթե ավարտված են, բայց Մաքքարթնին կհայտնվի ոչ մեծ տեսարանում, որը կհավելեն ժապավենի վերջնական տարբերակին: Պրեմիերան նշանակված է 2017 թվականի մայիսի 26¬ին: Երգիչը կմիանա Ջոնի Դեփին, Օռլանդո Բլումին եւ Ջեֆրի Ռաշային, որոնք կվերադառնան ֆրանշիզայում իրենց դերերին: Տեղեկացվում է, որ հինգերորդ կինոնկարում հանդես է եկել նաեւ Խավիեր Բարդեմը: Ինսայդերների խոսքով՝ նոր ֆիլմը, որն ստացել է «Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» անվանումը, ոգով ու մթնոլորտով մոտ է «Սեւ մարգարիտի նզովքը» առաջին ժապավենին: Հիշեցնենք, որ շարքի չորրորդ մասում՝ «Տարօրինակ ափերին» ֆիլմում նկարահանվել էր Rolling Stones ռոք խմբի կիթառահար Քիտ Ռիչարդսը:

 

 

ԴՈՒՍՏՐ Է ՈՒՆԵՑԵԼ
Լույս աշխարհ է եկել Անի Բայաթյանի երկրորդ զավակը: Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին եւ գեղանկարիչ Նարեկ Քեշիշյանը դուստր են ունեցել: BRAVO.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը տեղեկացրել է, որ աղջնակին անվանակոչել են Լիա: Երեխային առաջին անգամ տեսնելու պահին ունեցած զգացողություններից խոսելիս՝ Անին ասել է. «Իսկապես անբացատրելի ապրումներ ունեցա: Շատ ուրախ եմ»: Հիշեցնենք, որ Անին եւս մեկ դուստր ունի` Վիոլան, նա 11 տարեկան է:




Լրահոս