«Իսլամական պետության» 5 զինված անձանց լուսանկարներ են ուղարկվել Թուրքիայի անվտանգության բոլոր կառույցներին: Նրանց թվում է ադրբեջանցի Իսա Տուպոլովը, ով Ռուսաստանի քաղաքացի է: Այս մասին հայտնում է թուրական Habertürk պարբերականը:
Տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկը 35-ամյա Ռաշիդ Ալաբդալահ Ալգագանն է, ով Նաբիլ Ֆադիլի մոտ ընկերն է, ով այս տարվա հունվարին ահաբեկչություն իրականացրեց Ստամբուլի Սուլթան Ահմեդ հրապարակում: Մյուսը 32-ամյա Աբու Այման Աթ-Մագրիբինին է, ով ունի ամերիկական անձնագիր:
Չորրորդ ահաբեկիչ մահապարտը Ֆուրքան Ուրքմեզն է, ով «Իսլամական պետության» անդամի եղբայրն է: Հինգերորդ ահաբեկիչը, ում անունը Հասան Հուսեյն Ուգուր է, WhatsApp-ում կիսվել է հետևյալ հաղորդագրությամբ. «Եկել է շահիդ դառնալու ժամանակը»:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ բոլոր ահաբեկիչները ներկա պահին գտնվում են Սիրիայի տարածքում: Տեղեկությունների համաձայն՝ նրանք ահաբեկչություններ են նախապատրաստում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի տարածքում: