Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ծանր մարտերի վերաբերյալ տեղեկությունները խորապես մտահոգիչ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայությունից, նման հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին գործերի և ընդհանուր անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել մարտերը և պահպանել հրադադարը: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են բերել լարվածության աճի: Եվրոպական միությունը ցավում է մարդկային կորուստների, մասնավորապես վիրավոր և սպանված քաղաքացիական անձանց համար», -նշել է ԵՄ բարձ ներկայացուցիչը:
Մոգերինին շեշտել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա համանախագահներին: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը խստորեն պահպանեն հրադադարը, զերծ մնան ուժի կիրառումից և կրկին ջանքեր գործադրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», -ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը: