Երբ «Վիկիլիքս»-ի բացահայտումների շղթան հասավ Հայաստան, եւ բացվեց, այսպես ասած, «Հայկական թղթապանակ»-ը, պարզվեց, որ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները ամենայն մանրամասնությամբ զեկուցել է իր վերադասին` ԱՄՆ-ի պետդեպարտամենտին: Սակայն նույն թղթապանակից այդպես էլ չի պարզվում, թե ինչ արձագանք են ստացել ԱՄՆ-ում Հայաստանի մասին զեկուցվող տեղեկությունները: Այս թեմայի շրջանակներում «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր ուղղեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչին: – «Վիկիլիքս»-ի «Հայկական թղթապանակի» հրապարակման արդյունքում պարզվեց, որ Դուք Հայաստանի մամուլում տպագրված հոդվածներից շատ մանրամասներ զեկուցել եք ԱՄՆ-ի պետդեպարտամենտին: Ձեր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները չե՞ն փչացել վերջին հրապարակումների արդյունքում:- Միացյալ Նահանգները եւ Հայաստանը արդյունավետորեն համագործակցում են, եւ մենք արժեւորում ենք մեր գործակցությունը նախագահ Սարգսյանի հետ: Մենք վճռական ենք հայ ժողովրդին աջակցելու եւ ՀՀ կառավարության հետ գործակցությունն ընդլայնելու գործում: – Երբ Հայաստանում գոյություն ունեցող կոռուպցիոն երեւույթների ու քրեածին արարքների մասին զեկուցել եք պետդեպարտամենտին, ի՞նչ արձագանք եք ստացել:-Դիվանագետների հիմնական գործառույթներից մեկը անաչառ զեկուցումն է այն հասարակություններում տեղի ունեցող զարգացումների մասին, որտեղ իրենք ծառայում են: Մենք հավատում ենք, որ մեր ընկերներն ու դաշնակիցները գիտակցում են ներքին անկեղծ քննարկումների անհրաժեշտությունը եւ կիսում են մեր այն տեսակետը, որ Wikileaks-ի փաստաթղթերի տարածումը անթույլատրելի է: Քաղաքականությունից ելնելով` մենք չենք մեկնաբանում գաղտնի տեղեկություն պարունակող փաստաթղթերը: – Որոշ փորձագետներ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա: Դա կոնկրետ ինչպե՞ս է դրսեւորվել:-Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերն էլ շահագրգռված են, որ հակամարտությունը ստանա տեւական եւ ընդունելի լուծում: Միացյալ Նահանգների կառավարությունը ձգտում է հասնել հակամարտության խաղաղ լուծման` հիմնված Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա: -Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում գրանցված խայտառակությունների մասին, որոնց ականատես են եղել նաեւ ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները, երբեւէ զեկուցե՞լ եք դեպարտամենտին եւ արձագանք ստացել:-Ամեն տարի ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պատրաստում է միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կարգավիճակի վերաբերյալ Մարդու իրավունքների զեկույց ամբողջ աշխարհի, այդ թվում` Հայաստանի մասին: Ընտրությունների դիտարկումը այս զեկույցի կարեւոր մասն է, որն, ի վերջո, օգտագործվում է քաղաքականություն ձեւավորելու, դիվանագիտություն իրականացնելու, աջակցություն, ուսուցում եւ այլ ռեսուրսներ տրամադրելու համար:Դեսպան Յովանովիչի խիստ դիվանագիտական պատասխանները ներկայացրեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉԻ ՆԵՂԱՑԵԼ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ