«Смерч», «Солнцепек»… ինչ զինատեսակներ է առաջիկայում Հայաստանը ստանալու Ռուսաստանից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրմանը զուգահեռ Հայաստանում ակտիվացան խոսակցությունները հայկական բանակի սպառազինության մասին: Հատկապես Սերժ Սարգսյանի` 80-ական թվականների զենքերով հակառակորդին դիմակայելու մասին հայտարարությունից հետո բոլորը և հատկապես հակառուսական ուժերը հիշեցին 200 մլն դոլարի վարկային պայմանագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից պետք է ժամանակակից սպառազինություն ստանար, սակայն ինչպես պարզվում է` չի ստացել:

200 մլն դոլարի վարկը

Հայաստանի պաշտպանության համակարգի սպառազինության ավելացման նպատակով Ռուսաստանի կառավարության կողմից $200 մլն վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում ընդունել էր ձայների մեծամասնությամբ՝ կողմ 98, դեմ` 1, ձեռնպահ՝ 0: Դեմ էր քվեարկել միայն «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

«ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով Հայաստանը Ռուսաստանից գործարանային գներով ձեռք է բերելու ժամանակակից զենք, սպառազինություն: Ռուսաստանից վարկի տրամադրման մասին հայտնի դարձավ 2015թ. հունիսի 26-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի և կապի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հանդիպումից հետո: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը նշեց, որ 200 մլն դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:

Համաձայնագրով ՀՀ-ն պարտավորվում է օգտագործել վարկը 2015-2017թթ. ընթացքում՝ ռուսական ռուբլով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90%-ի ֆինանսավորման համար, վարկի օգտագործման ժամկետը լրանալիս 30 օրացույցային օրվա ընթացքում ռուսական կողմի օգտին իրականացնել ռուսական ռուբլով կոմիսիոն վճարում` վարկի չօգտագործված գումարի 1%-ի չափով:

«Սմերչը» թռչում է Երևան

Հատկանշականն այն է, որ վարկային պայմանագրի հաստատումից շատ ժամանակ չանցած՝ ռուսական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում էր այն սպառազինությունների տեսակները, որոնք պետք է ստանա հայկական կողմը:

Ըստ այդմ՝ ռուսական Gazeta.ru-ի փոխանցմամբ, Հայաստանին տրվելիք սպառազինությունն իրենից ներկայացնում է հիմնականում հրետանային, հակաօդային պաշտպանության զենքեր, ավտոմեքենաներ և մի շարք օժանդակ գործիքներ` շարժիչներ, ականային դետեկտորներ:

smertch
«Սմերչ»

Ռուս մեր գործընկերների տեղեկացմամբ, «Սմերչ» հրթիռային համակարգը, որի արժեքը վերջին տարիներին կազմում էր մոտավորապես 12.5 մլն դոլար, Հայաստանը չունի: Իսկ Ադրբեջանն ունի 12 այդպիսի համակարգ, որը, ըստ ռուսական լրատվամիջոցի, ձեռք է բերվել Ուկրաինայից:

«Մյուս կողմից, Հայաստանն ունի 8 միավոր նմանատիպ չինական AR1A համակարգ: Հայտնի չէ, թե որքան «Սմերչներ» հիմա կգնի Հայաստանը, բայց կարելի է եզրակացնել, որ հենց այդ համակարգը կդառնա հիմնական գնումը», – գրել է ռուսական լրատվամիջոցը:

solncepek
ТОС-1А «Солнцепек»

Բացի այդ, Հայաստանը ձեռք կբերի ТОС-1А «Солнцепек», որը շատ հզոր, ժամանակակից զենք է, թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդին թաքնված տարբեր խրամատներում: Այն բաղկացած է Т-72 տանկի բազայի հիման վրա  БМ-1  մարտական մեքենայից և  «КамАЗ»-ի հիման վրա տրանսպորտային լիցքավորման մեքենաներից:

Ընդ որում՝ դեռևս սեպտեմբերին ռուս փորձագետ Իգոր Սեվաստյանովը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում նշել էր, որ այլ երկրները հիմնական հետաքրքրություն ցուցաբերում են հենց  «Солнцепек»-ի հանդեպ:  «Ինչպես ցույց տվեց այդ համակարգի կիրառումն Իրաքում, այն իդեալական համապատասխանում է արմատավորված թշնամու ջախջախման համար», – նշել էր Սեվաստյանովը` ТОС-1А-ն անվանելով «տակտիկական հրաշք-զենք», որը հակառակորդի վրա նաև խորը հոգեբանական ազդեցություն է ունենում: Հավելենք, որ համաձայն ռուսական «Ведомости» պարբերականի, 2013թ. Ադրբեջանը Ռուսաստանից 6 «Солнцепек» է գնել:

Բացի այդ, տեղեկացնենք, որ արդեն վավերացված պայմանագրով Հայաստանը ստանալու է նաև «Игла-С» հրթիռահրետանային համակարգեր

«Игла-С» հրթիռահրետանային համակարգեր
«Игла-С» հրթիռահրետանային համակարգեր

РПГ-26 հակատանկային նռնակներ

РПГ-26 հակատանկային նռնակներ
РПГ-26 հակատանկային նռնակներ

և Դրագունովի դիպուկահար հրացաններ:

Դրագունովի դիպուկահար հրացաններ
Դրագունովի դիպուկահար հրացաններ

Ըստ լրատվամիջոցի՝ ցուցակում առկա են նաև տարբեր միջոցներ` տանկային շարժիչներ, ականազերծման համակարգեր, բեռնատար ամբարձիչներ և այլն: Ցուցակն ավարտվում է «КамАЗ» և «УАЗ» մակնիշի ավտոմեքենաներով, ինչպես նաև`«Тигр» զրահապատ մեքենայով:

Հայաստանի պաշտպանական համակարգը

Բացի Հայաստանի ստանալիք տեխնիկայի նկարագրությունից ռուսական լրատվամիջոցն անդրադարձ է կատարում Հայաստանի պաշտպանական համակարգին և ընդգծում, որ հայկական ռազմական տեխնիկայի մեծ մասը պահպանվել է դեռևս Սովետական Միությունից և կարիք ունի փոխարինման կամ նորացման:

Որպես օրինակ՝ նշվում է Т-72, Т-55 и Т-54 տանկեր, մի քանի տասնյակի հասնել սովետական советских БМП-ները և հարյուրից ավել БТР-80-ները: «Հայաստանն ունի սովետական և ֆրանսիական հրթիռային համակարգեր AR1A և WM-80 չինական հրթիռներ», – նշում է կայքը և ընդգծում, որ չնայած դրան շատ փորձագետներ հայկական ռազմաօդային ուժերը համարում են ամենաուժեղը Կովկասում:

Հիմա մեզ մնում է ՌԴ-ից պաշտոնապես տեղեկանալ, թե պայմանագրով նախատեսված զինատեսակները երբ կհասնեն Հայաստան:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս