ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հայաստանյան բուհեր ընդունվող Սփյուռքի դիմորդները ունե՞ն որոշակի արտոնություններ, թե ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք, թե որո՞նք են դրանք:
Սուսաննա Սարգսյան (32 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի՝ հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ ԿԳ նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաները ուսումնասիրելու նպատակով եւ տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով շարունակել իր ուսումը, կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1 կուրս:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմել են 337 սփյուռքահայ: Ի դեպ, հիմնական մասը՝ շուրջ 154 դիմորդ Վրաստանից, 71-ը՝ Ռուսաստանից, 67-ը՝ Սիրիայից: