ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
2016 թվականի ապրիլի 13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ, տեխնիկական ուժի գործադրմամբ կոտրելով Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող տներից մեկի մուտքի դռան փականը, ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել նշված տուն և մանկահասակ՝ 5 ամսական երեխայի և նրա մոր նկատմամբ դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար և ոսկյա զարդեր:
Տանն առկա կանխիկ գումարն ու ոսկյա զարդերը հափշտակելուց հետո դիմակավորված անձինք երեխայի մորը տեղափոխել են տանը հարակից ավտոտնակ և փակել այնտեղ, ինչից հետո հեռացել են։
Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Մշակվել է քննչական պլան և կատարվում են անհրադեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։