ԳԵՆԴԵՐ, ԳԵՆԴԵՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին մի շարք հասարակական կազմակերպություններ եւ ակտիվիստներ փորձում են հասարակության ուշադրությունը սեւեռել, այսպես ասած, գենդերային խնդրի վրա: Նրանց կարծիքով՝ ԱԺ ընդունած եւ Սերժ Սարգսյանի վավերացրած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքն իր մեջ լրջագույն վտանգներ է պարունակում, որոնք կարող են հանգեցնել հայ ավանդական ընտանիքի քայքայմանը, մեր ազգային մտածողության խեղմանն ու առհասարակ` դեմ են քրիստոնեական արժեհամակարգին: Ընդ որում, օրենքի ընդդիմախոսներն իրենց մտավախությունների եւ քննադատության մեջ երբեմն այնքան հեռուն են գնում, որ արդեն իսկ հասնում են սատանայապաշտության, արյունապղծության եւ սոդոմ-գոմորյան պատկերների: Մասնավորապես` երեկ Կանանց աջակցման կենտրոնի ղեկավար Մարո Մաթոսյանը կարծիք է հայտնել, որ այդ օրենքը «տանում է պեդոֆիլիայի եւ զոոֆիլիայի»: Դրանից առաջ էլ ոչ անհայտ Խաչիկ Ստամբոլցյանն էլ այդ օրենքը կապել էր իր «սիրելի» մասոնական կենտրոնների հետ: Իսկ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ, քաղաքական մի քանի կուսակցություններ փոխած ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հայտարարում է. «Գենդերային գաղափարախոսությունը հիմնված է մարդու իրավունքի վրա` դեպի այլասերություն»: Հայտնի է, որ այդ օրենքի դեմ պայքարելու նպատակով ստեղծվել է «Համահայկական ծնողական կոմիտե» կոչվող կազմակերպություն, որի անդամները կոչ են անում հայ ընտանիքը գնահատող յուրաքանչյուր հայի միանալ իրենց պայքարին: Անշուշտ, հայկական ընտանիքը մշտապես եղել է մեր ազգային ինքնության հիմնասյուներից մեկը, եւ եթե հայ ընտանիքի արժեհամակարգին ուղղված որեւէ սպառնալիք է առկա, ապա անհրաժեշտ է դրա դեմ պայքարել բոլոր մեթոդներով: Սակայն արդյոք վերը նշված օրենքը հենց այդ դեպքն է եւ պարունակում է այնպիսի վտանգներ, որոնք բարձրաձայնում են օրենքի ընդդիմախոսները: Այդ հարցին պատասխանելուց առաջ, կարծում ենք, արժե նկատել, որ սույն օրենքն ընդունվել է մայիսի 6-ին, եւ տարակուսելի է, թե ինչով էին զբաղված հայ ավանդական ընտանիքի պաշտպանները երեք ամիս շարունակ եւ ինչու որեւէ կերպ չէին բողոքում, երբ օրենքը քվեարկվում էր ԱԺ-ում: Իհարկե, լավ է ուշ, քան երբեք, սակայն հիմա, երբ հայտնի է, որ այդ չարաբաստիկ օրենքն իշխանությունները պատրաստ են լրամշակել` մասնավորապես օրենքից հանելով մի քանի ոչ միանշանակ հասկացություններ` ինչպես, օրինակ, «գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» ձեւակերպումն է, օրենքի ընդդիմախոսների պայքարը մի տեսակ չափազանց է թվում: Ըստ ամենայնի, գենդերային հարցի շուրջ հանրային կրքերը բորբոքելու նպատակն ավելի խորն է. այդպիսով իշխանությունները փորձում են իրենց համար լրացուցիչ փրկօղակ ստեղծել` Ռուսաստանի կողմից անհաղթահարելի ճնշումների դեպքում ՀՀ եվրաինտեգրացման կասեցումը գենդերային խնդրով բացատրելու համար:




Լրահոս