Այսօր Հայաստան է ժամանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման օրակարգով: Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմի մեկնարկից հետո Լավրովը նախ այցելեց Բաքու, որտեղ խոսք գնաց Ռուսաստանի առաջարկած կարգավորման տարբերակի մասին, ապա` ապրիլի 8-ին, Մոսկվա «կանչվեց» Էդվարդ Նալբանդյանը` տեղեկացվելու Բաքվի կողմից առաջադրվող պահանջներին, դրանց հետ կապված Ռուսաստանի դիրքորոշմանը եւ մտածելու դրանց շուրջ:
Այդ ընթացքում Ս. Սարգսյանը երկրի ներսում մի շարք կարեւոր հանդիպումներ ունեցավ. նախ` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հայ առաքելական եկեղեցու երկու առաջնորդների հետ, ապա մի ամբողջ օր անցկացրեց պաշտպանության նախարարությունում, դրանից ժամեր անց հրավիրեց ԱԱԽ նիստ, իսկ նախօրեին էլ` մեկնեց Արցախ, որտեղ շատ լուրջ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ռազմական ղեկավարության հետ: Այս ամենը խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները Նալբանդյանի մոսկովյան այցից հետո փորձում էին հաշվարկել հնարավոր բոլոր սցենարները եւ հասկանալ, թե Հայաստանն ու Արցախը հակազդեցության ինչպիսի ռեսուրս կարող են ունենալ մեզ համար անցանկալի, ծայրահեղ սցենարների պարտադրման դեպքում:
Եվ հիմա` Լավրովը գալիս է Երեւան` լսելու ՀՀ իշխանությունների պատասխանը: Դա արվում է ադրբեջանա-ռուսական ինֆորմացիոն բավականին հզոր գրոհի պայմաններում, երբ ռուսական ազդեցիկ լրատվամիջոցները, երկրորդելով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությունը, մեկը մյուսի հետեւից ծավալուն հոդվածներ են գրում այն մասին, որ առաջիկա օրերին Պուտինի նախաձեռնությամբ սկսվելու է բանակցային նոր, ինտենսիվ փուլ, որի արդյունքում Պուտինը կողմերին «համոզելու է գնալ ցավոտ փոխզիջումների»:
Ինքնին հասկանալի է, որ տվյալ դեպքում «համոզել»-ը նշանակում է «պարտադրել»: Ուշագրավ է, որ սրանից հետո հայկական կողմից արդեն խոսվում է ոչ թե Մադրիդյան փաստաթղթի մասին, այլ ասվում է, որ Հայաստանը կողմ է «կազանյան փաստաթղթի» շուրջ բանակցություններին, այն դեպքում, երբ «կազանյան փաստաթղթի» մասին հանրությունը տեղեկացված է է՛լ ավելի քիչ, քան մադրիդյան տարբերակի մասին:
Մի բան, համենայն դեպս, որեւէ մակարդակում չի հերքվում. դա տարածքների վերադարձի հարցն է, որն առկա է բանակցված բոլոր փաստաթղթերում, եւ դատելով վերջին օրերի զարգացումներից` Ռուսաստանի կողմից Հայաստանին «համոզելը» վերաբերելու է նախ եւ առաջ` ազատագրված շրջաններից առնվազն մեկ-երկուսի վերադարձին` լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու եւ Ադրբեջանին իրական բանակցային դաշտ վերադարձնելու դիմաց, ասել է թե` առարկայապես հայկական կողմի համար ոչնչի դիմաց:
Եվ այս իրավիճակում այն հույսերը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները` Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն թույլ չեն տա Ռուսաստանին դոմինանտ դերակատարություն ստանձնել, կարող են անհիմն լինել, քանի որ նախ` Երեւան այցից առաջ ռուսական կողմը` ի դեմս Լավրովի, այս հարցն արդեն իսկ քննարկել է թե՛ ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերիի, թե՛ Ֆրանսիայի արտգործնախարար Ժ. Մ. Էյրոյի հետ: Եվ ապա` եթե ռուսական կողմը կարողանա «համոզել» ՀՀ-ին գնալ շոշափելի զիջման, այս երկու երկրները հնարավոր է եւ չընդդիմանան` փորձելով Ադրբեջանից կորզել սեփական օգուտները:
Թե ինչ հունով կընթանան զարգացումները` պարզ կդառնա արդեն առաջիկա օրերին, բայց որ անցած 25 տարիների ընթացքում մենք դեռ երբեք այսքան մոտ չենք եղել դեյթոնյան սցենարի կրկնությանը, ցավոք, փաստ է: