Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Երևանին և Բաքվին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցով բանակցություններ անցկացնել Թբիլիսիում, փոխանցում է «Վեստնիկ Կավկազա»-ն:
«Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացումից անմիջապես հետո ես մի քանի հայտարարությամբ հանդես եկա և աջակցեցի խաղաղ ճանապարհով կոնֆլիկտի կարգավորումը: Մենք շահագրգիռ ենք, որպեսզի Կովկասում խաղաղություն լինի: Այդ կոնֆլիկտը կարող է բացասական ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Այդ իսկ պատճառով մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է Լեռնային Ղարաբաղում խաղաղություն պահպանելը»,- Վրաստանի վարչապետի խոսքն է մեջբերում «Գրուզիա Օնլայն»-ը:
«Ուրախ ենք, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիա է նկատվում: Հուսով ենք, որ այդ կոնֆլիկտը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- հավելել է կառավարության ղեկավարը: