ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
7 տարվա ընդմիջումից հետո այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Բաքու: Ըստ ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության`   Պուտինը Բաքու կժամանի ոչ թե ինքնաթիռով, այլ ռազմանավով: Այս տեղեկությունը հաստատել է նաեւ Ադրբեջանում  Ռուսաստանի դեսպանատունը՝ ընդգծելով, թե Կասպյան նավատորմի շքերթը նպատակ ունի ամրապնդել ու զարգացնել երկկողմ բարեկամական կապերը: 
Ըստ ադրբեջանական, ռուսական եւ թուրքական լրատվամիջոցների` Պուտինը Ադրբեջան է մեկնում նավերի շքերթը գլխավորող հրթիռային “Դաղստան” ռազմանավով` ի ցույց դնելու Ռուսաստանի հզորությունը Մոսկվայի համար առանցքային նշանակություն ունեցող Կովկասյան տարածաշրջանում: Ու, թեեւ արդեն իսկ հայտնի է Բաքվում ստորագրվելիք 5-6  տնտեսական պայմանագրերի շրջանակը, այդուամենայնիվ, առայժմ հստակ  չէ Պուտին-Ալիեւ հանդիպման օրակարգը: “ժողովուրդ”-ն այս առիթով զրուցել է “Ժառանգություն” կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանի հետ:
Պարոն Սաֆարյան, չնայած տեւական սպասելիքներին, Վլադիմիր Պուտինը  այդպես էլ Հայաստան չեկավ, փոխարենը  որոշեց մեկնել Բաքու: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը, եւ, ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված նման որոշումը: 
-Ձեր նշած  իրողությունն իր մեջ ուղերձ է պարունակում, հատկապես, երբ հիշում ենք, որ անցած տարվա օգոստոսի 7-ին, երբ շատ անակնկալ Ս. Սարգսյանը հրավիրվեց Մոսկվա,  Պուտինը հայտարարեց, թե ինքը կայցելի Երեւան` հարմար ժամկետներում: Սակայն նախորդ տարվա օգոստոսի 7-ից մինչ օրս, փաստորեն,   այդպես էլ հարմար ժամկետ չստեղծվեց: Եվ սա, բնականաբար, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների միջեւ որոշակի թունավորում էր, որն առաջին հերթին պայմանավորված է Արեւելյան գործընկերության ծրագրում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ: Աշնանը Վիլնյուսում նախաստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրը, խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագիրը, հետեւաբար, այս քայլով Ռուսաստանը ցույց է տալիս, որ իրեն դուր չի գալիս Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցումը:
-Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարումն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա  թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների  առումով: 
-Վերջին հաշվով պետք է նկատի ունենանք, որ ամիսներ առաջ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցավ մի անթույլատրելի գործարք. դա մեկ միլիարդի զենքի վաճառքն էր Ադրեբեջանին: Բացառել չի կարելի, որ Մոսկվան կփորձի մի կողմ թողնել այն հանգամանքը, որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակիցն է, եւ որ ունի ամենազգայուն հարցը՝ Ղարաբաղի հակամարտությունը:  Ռուսաստանը  կարող է Բաքվի միջոցով առնվազն ավելացնել Հայաստանի վախերը: Մյուս կողմից էլ Մոսկվան, կարծես թե հաջողությամբ կարողանալով  տապալել “Նաբուկկո” ծրագիրը, հիմա էլ  ավելին է ցանկանում: Բայց  ամեն ինչ պարզ կլինի, երբ Պուտինի ու Ալիեւի միջեւ ստորագրվեն պայմանագրերը, այդ  ժամանակ էլ պարզ կլինի, թե Մոսկվան որ կողմից է գրոհում: Իսկ առայժմ մի բան ակնհայտ է. Պուտինի առաջին այցը տեղի է ունենում Բաքու, ինչն արդեն իրենցից լրջություն է ներկայացնում:
-Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հաղորդել էին, որ Ռուսաստանը հեռահար նպատակներ ունի` կապված  Ադրբեջանի էներգետիկ շուկա մուտք գործելու հետ: Հնարավո՞ր է, որ այս ռուս-ադրբեջանական սերտացումը բացառապես տնտեսական  հիմքի վրա լինի: 
-Անշուշտ,  հիմնական խնդիրը լինելու է էներգետիկայի ոլորտում: Այսինքն, Ռուսաստանի ակնկալիքները Բաքվից պայմանավորված են լինելու հենց էներգետիկայի ոլորտով: Դեռեւս 2008թ. հունիսին, երբ այդ ժամանակվա ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը  Բաքու էր գնացել, նրա  օգնականը հայտարարեց, որ ՌԴ-ն ցանկանում է գնել գազի ամբողջ քանակությունը: Այդ ժամանակ խոսակցություն կար, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Բաքվի գազը ինքն արտահանի եվրոպական շուկաները: Ինքը կգնի այդ գազն ու ինքն էլ կարտահանի: Բայց Արեւմուտքը կարողացավ հասնել նրան, որ Բաքուն ամբողջ քանակությունը չծախեց ՌԴ-ին: Այդ ժամանակ կար “Նաբուկկո”-ի խնդիրը, Արեւմուտքն այդ ժամանակ հույսեր էր փայփայում, որ, եթե ինքը Բաքվին թույլ չտա ամբողջ քանակությունը վաճառել, ապա գոնե գազը կմնա: Բայց, քանի որ “Նաբուկկո”-ն, ըստ էության,  տապալվեց, ՌԴ-ն կփորձի ավելի մեծ քանակությամբ գազ ստանալ, որպեսզի Արեւմուտքի համար վերանա մեկ այլ խողովակաշարի անհրաժեշտությունը: ՌԴ-ն զգում է, որ այդ խողովակները, ըստ էության, քաղաքական խողովակներ են: Մոսկվան խնդիր ունի կանխելու նմանատիպ ծրագրերը: Եթե գազը չկա,  չկա այն  Արեւմուտք տեղափոխող նոր խողովակաշարերի խնդիր: ՌԴ-ն եւս մեկ փորձ կկատարի այդ ամենն իր ձեռքը վերցնելու համար: Իսկ եթե Բաքուն համաձայնություն տա, ապա այդ դեպքում մենք Բաքվի պահանջը լավ գիտենք. կհամաձայնեն Ղարաբաղի դիմաց:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 596 համար




Լրահոս