Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի հիմնական նպատակն է շարունակել Հայաստանի նախաձեռնողական քայլերը՝ ուղղված ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը: Ապրիլի 22ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
«Նպատակն է նաև նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այս առաջնային խնդրի հետևողական իրականացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մակարդակով քննարկման առարկա դարձնել ինչպես 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, այնպես էլ դրանից հետո աշխարհի տարբեր մասերում կրկնված նմանօրինակ ոճրագործությունները», -«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:
Նա չբացառեց, որ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ևս քննարկման առարկա դառնա: Նազարյանի խոսքով՝ դա արդեն կախված կլինի մասնակիցների մոտեցումներից: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ ընդգծեց, որ իրենք նպատակ չունեն գլոբալ ֆորումը դարձնել զուտ հայկական օրակարգի քննարկման հարթակ: «Բայց ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցող այսպիսի միջոցառումը չի կարող անմասն մնալ վերջին իրադարձություններից, որոնք մոտիկից հիշեցնում են ահաբեկչություն և չեն տարբերվում այն կազմակերպությունների գործելաոճից, որոնց մասին մենք խոսելու ենք ապրիլի 23ին կայանալիք համաժողովի ժամանակ»,- եզրափակեց Սարգսյանը: