Երեկ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցները ի նշան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան կատարած ացի ընթացքում ներկայացված ոչ հայանպաստ առաջարկների դեմ բողոքի Ազատության հրապարակից փորձել էին շարժվել Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ցուցարարներից թվաքանակով ավելի շատ ոստիկանության աշխատակիցները փակել էին նրանց ճանապարհը` թույլ չտալով առաջ շաժվել: Տեղի էր ունեցել քաշքշուկ, եւ ոստիկանները, հերթական անգամ դրսեւորելով վերջին տարիներին սովորական դարձած բռնությունները, սկսել էին բերման ենթարկել ցուցարարներին: Օրվա ավարտին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը տեղեկացրեց, որ բերման են ենթարկվել երթի 42 մասնակից: Որպես ոստիկանական նման գործողությունների արդարացում` ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել էր, թե երթը իրազեկված չի եղել:
Եթե ցուցարարների դեպքում նման պատճառաբանությունը գոնե ֆորմալ առումով կարելի է քննարկելի համարել, թեեւ խոսքը ինքնաբուխ հավաքի մասին էր, որի իրավունքը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված է, ապա այդ երթը՝ անգամ չիրազեկված եւ ապօրինի, լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը որեւէ կերպ դժվար է ընդունելի համարել: Տեղեկացնենք, որ երեկ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու պահին, առցանց ուղիղ հեռարձակմամբ երթի ընթացքը լուսաբանելիս Բաղրամյան պողոտայից ուժի գործադրմամբ դուրս բերվեցին 1in.am-ի 2 օպերատորները:
Թե որն էր ոստիկանության կողմից նման պահվածքի իրական պատճառը, դժվար է ասել: Չի բացառվում, որ դրանում առկա էր նաեւ քաղաքական բաղադրիչ` ՌԴ արտգործնախարարի գլխավորած բարձրաստիճան ռուսական պատվիրակությանը ցույց տալու, որ ՀՀ իշխանությունները շարունակում են գերլոյալ մնալ ՌԴ իշխանությունների հանդեպ եւ հնարավոր բոլոր միջոցներով ճնշել ոչ միայն հակառուսական տրամադրություններ սերմանող քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստներին, այլեւ հակառուսական կողմնորոշում ունեցող լրատվամիջոցներին:
Նկատենք, որ ՀՀ իշխանություններն առաջին անգամը չէ, որ հենց Բաղամյան պողոտայում հակառուսական տրամադրությունների ճնշման հարցում դիմում են նման մեթոդների` խոչընդոտելով նաեւ լրատվամիջոցների գործունեությունը: Դրա նախորդ օրինակը անցած տարվա հունիսի 23-ին էր, երբ ռուսական ընկերության դեմ «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերը ճնշելիս ոստիկանները բռնություններ գործադրեցին նաեւ 13 լրագրողի նկատմամբ` վնասելով նրանց տեխնիկան, մի մասին բերման ենթարկելով: Դրանից հետո սեփական դեմքը փրկելու նպատակով իշխանությունները ստիպված եղան քրգործ հարուցել, սակայն ՀՔԾ ղեկավար Վահրամ Շահինյանը բարեհաջող կերպով այդ գործը մինչեւ օրս` դեպքից 10 ամիս անց, «քնեցրել» է: Հատկապես ղարաբաղյան կարգավորման այս լարված փուլում կատարվածն ազատ խոսքի նկատմամբ անթույլատրելի ոտնձգություն է, որը պետք է արժանանա համապատասխան գնահատականի: