Առաջիկայում հանրությանը կներկայացվի «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման վերջնական նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին և պետական ծառայություններին` Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումները մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

Անդրադառնալով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրին`պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ մեկնարկել է Վերնիսաժի բարեկարգման շինարարական աշխատանքների առաջին փուլը, որի շրջանակում տարածքից հեռացվում են առկա սեղաններն ու ծածկերը: Քաղաքապետը հանձնարարել է առաջիկա օրերին ավարտել և հանրությանը ներկայացնել շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումների արդյունքում ձևավորված «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման վերջնական նախագիծը:

Բնապահպանության վաչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում ընթանում են կանաչ տարածքների խնամքի աշխատանքները: Բակային տարածքներում, այգիներում և պուրակներում շարունակվում են ծառատունկն ու շաբաթօրյակները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները:

«Վերջին 4 տարիների ընթացքում մենք վերակառուցել և վերականգնել ենք շուրջ 2000 բակեր, այգիներ և պուրակներ: Պետք է լինել հետևողական և խնամել այդ ամենը: Զգալի աշխատանք է տարվել նաև ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ: Հետևաբար պետք է քայլեր ձեռնարկել նաև այս տարի կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ: Աշխատանքները պետք է տեսանելի լինեն թե՛ կենտրոնական հատվածներում և թե՛ ծայրամասերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել մայրաքաղաքի զբոսայգիների ու պուրակների՝ մասնավորապես Հաղթանակ զբոսայգու, Կենդանաբանական և Բուսաբանական այգիների, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի խնամքի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

Այս շաբաթ աշխարհում նշվելու են Պարի, ինչպես նաև Ջազի միջազգային օրերը, որոնք, վերջին հինգ տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, նշվում են նաև Երևանում և ստացել են լայն արձագանք ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել են բարձր գնահատանքի: Հաշվի առնելով սույն հանգամանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ըստ ամենայնի աջակցել կազմակերպիչ ընկերություններին՝ մշակութային միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու հարցում: Հարկ է նշել, որ ապրիլի 30-ին անցկացվելիք Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումն այս տարի կկրի «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագիրը:

Մշակույթի և տուրիզմի վարչության պետն էլ զեկուցել է, որ մայիսի 1-ին Կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացումը պատշաճ կազմակերպելու նպատակով տարվում են նախապատրաստական աշխատանքները, նախատեսվում են բազմաբովանդակ միջոցառումներ:




Լրահոս