Ռեյտինգային քվեարկության արդյունքում ընտրվելու են միայն օլիգարխները, որոնք նորից գնալու են այլասերելու մեր ժողովրդին. Արամ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ Արա Աբրահամյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին խոսակցությունները դադարել են: «Ժողովուրդ»-ը Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Հայաստանի Դեմոկրատական կուսկացության նախագահ Արամ Գ. Սարգսյանից հետաքրքրվել է, թե արդյոք Արա Աբրահամյանի համար շարունակում է օրակարգային մնալ կուսակցության ստեղծումը, նաեւ պարզել Դեմկուսի առաջիկա ծրագրերի մասին:

-Պարո՛ն Սարգսյան, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀԴԿ-ն մասնակցելո՞ւ է:

-Անպայման մասնակցելու ենք: Ֆորմատը կորոշենք ավելի ուշ: Հավանաբար կլինի այն կուսակցությունների միավորումը, որոնք կարող են գաղափարապես միասնական լինել: Դա այս պահին դեռ որոշված չէ:

-ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի կողմից ստեղծվելիք կուսակցության մասին խոսակցությունները կարծես թե դադարել են: Ե՞րբ է ձեւավորվելու այն:

-Չկա այդպիսի կուսակցություն ձեւավորված, կա «Ազգային միասնության» շարժում, որի նպատակները հստակ դրված են մեր կայքէջում: Այսօր ես վերադարձել եմ Վայոց Ձորից, ունեցել ենք մեր կառույցի հետ հանդիպում, քննարկել ենք հնարավոր խնդիրները համագործակցության, տնտեսական ծրագրի զարգացման վերաբերյալ: «Ազգային միասնության» շարժման գրասենյակներն այսօր ձեւավորված են բոլոր մարզերում եւ դրանք արդեն սկսել են իրենց գործունեությունը: Եղել ենք Գյումրիում, վաղը լինելու ենք Հրազդանում: Մենք հոկտեմբերի 2-5-ը նախապատրաստվում ենք բիզնես ֆորում անցկացնել, որը իր նպատակներն արդեն հայտարարել է` ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելը: Եւ այդ առումով մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, որի մասին հետագայում ավելի կմանրամասնենք: Մեր խնդիրը այս պահին դա է:

-Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց նոր՝ «Համախմբում» անվամբ կուսակցություն ստեղծելու մասին: Ի՞նչ կարծիք ունեք այս նորաստեղծ ուժի մասին:

-Երբ որ կստեղծվի, հիմնադիր ժողով կլինի, կհայտարարեն իրենց ծրագրային դրույթների մասին, այդ ժամանակ կսկսենք խոսել, հիմա ի՞նչ խոսենք: Իրար հետեւից առաջ են գալիս, կուսակցություններ են գրանցվում, թե հետո ինչպիսի գործունեություն են ծավալում, պարզ չի:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերջին լարվածությունից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունները շեշտակիորեն խորացան: Ըստ Ձեզ՝ ով է դրանում մեղավոր՝ Ռուսաստանը, որը զինում է Ադրբեջանին, թե ՀՀ իշխանությունները, որոնք չնայած դրան՝ շարունակում են ռուսների հետ խոսել վասալային լեզվով:

-Հակառուսական տրամադրություններ ձեւավորելը շատ հեշտ է: Եթե դու ինչ-որ մի բան այն չես արել, փորձում ես մեղադրել Ռուսաստանին, որ այս չարեց, այն չարեց, մենք այսպիսի մոտեցում ունեինք, իրենք՝ այլ: Բայց կարծում եմ, որ ժողովուրդը հասկացավ՝ ում էր ձեռնտու այդ տրամադրությունները բերելը, եւ ինչպիսի հետեւանքներ դրանք կարող էին ունենալ: Այդ փուլը անցավ: Ինձ այնքան չի հետաքրքրում դրսի գործոնը, ինչքան ներքին խնդիրների կարգավորումը: Երբ որ մենք դա կանենք, կտեսնենք, որ շատ բան կախված է մեզանից:

-Պարո՛ն Սարգսյան, նոր ԸՕ քննարկումների ժամանակ Դուք եւս առաջարկներով հանդես եկաք, արդյո՞ք իշխանության կողմից դրանք ընդունվել են:

-Մեր առաջարկները հիմնականում ընդդիմության առաջարկներն էին, որոնք անտեսվեցին: Ես լսելով ելույթները, հատկապես ՀՀԿ ներկայացուցիչների, մեկ բան կարող եմ ասել, որ նրանք փորձում են ցույց տալ, թե իրենք չեն հասկանում՝ մենք ինչ ենք ասում: Եթե իբր իրենք զիջել են եւ արել են այն, ինչ որ ընդդիմությունը ցանկանում էր` համամասնական ընտրակարգը, ապա փաստացի այդ համամասնական ընտրակարգը չկա: Ռեյտինգային քվեարկության արդյունքում ընտրվելու են միայն օլիգարխները կամ մեծահարուստները, որոնք նորից գնալու են այլասերելու մեր ժողովրդին: Այսօրվա կառավարող կուսակցությունը չընդունելով մեր այդ առաջարկը` հրաժարվել է ռեյտինգային քվեարկությունից, մեղսակից է դառնում ապագայում նոր տեսակի օլիգարխիկ համակարգի ձեւավորմանը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս