Hraparak.am-ը գրում է, որ կիրակի օրը ուշ երեկոյան Աղվերանում ավարտվել է Դաշնակցության հայաստանյան կառույցի ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, քննարկել են ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, ընտրել են հայաստանյան ղեկավար կառույց՝ Գերագույն մարմին: Hraparak.am-ին հասած տեղեկություններով՝ ժողովը անցել է խաղաղ, առանց վեճերի, կոնֆլիկտների:
Մասնակիցները՝ մոտ 100 հոգի, որոշել են Գերագույն մարմնի կազմը դարձնել 13 հոգի՝ նախկին 11-ի փոխարեն: Կազմը ընտրվել է ժողովի մասնակիցների առաջադրումների հիման վրա: Մասնակիցների 2/3-ի ձայներով հենց առաջին փուլում ընտրվել են ՀՅԴ երեք նախարարները՝ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը եւ կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ինչպես նաեւ ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավորներ Միքայել Մանուկյանը եւ Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ ԳՄ անդամներ են ընտրվել նաեւ սոցապ նախկին նախարար Արսեն Համբարձումյանը, Հրաչ Թադեւոսյանը, Պետրոս Մեղրյանը, Աշոտ Փափազյանը (մականունը՝ «Պադոշ»), Իշխան Սաղաթելյանը՝ երիտթեւի ներկայացուցիչ, Շիրակի նախկին մարզպետ, այժմ Ջրային կոմիտեի պետի տեղակալ Ռոմիկ Մանուկյանը, Գագիկ Գեւորգյանը եւ երգիչ Սմբուլը: Այսօր ՀՅԴ ԳՄ նոր կազմը առաջին ժողովը կանի, կընտրի ԳՄ ներկայացուցիչ:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: