Մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարչակազմերը հապաղում էին պաշտոնապես ընդունել կամ մերժել մայիսի 16-ին Վիեննայում հանդիպելու շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` նախօրեին արած առաջարկությունը, առաջիկա հանդիպման կայացման մասին հայտարարություններ հնչեցին նախ` Մոսկվայից` ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի շուրթերով, իսկ երեկ երեկոյան էլ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ մայիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կլինի Վիեննայում, որտեղ իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերների հետ կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ու թեեւ ո՛չ մինչ այդ, ո՛չ էլ դրանից հետո Երեւանը եւ Բաքուն չհաստատեցին հանդիպմանը մասնակցելու իրենց պատրաստակամությունը, ԱՄՆ պետդեպի այդ հայտարարությունը արդեն իսկ դիտվեց որպես հանդիպման կայացման հաստատում:
Եվ, ահա, դրանից րոպեներ անց հայտնի դարձավ, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Ընդ որում, դատելով ադրբեջանական կողմի հայտարարություններից` հերթական անգամ կատարվածի պատասխանատվությունը փորձ է արվել դնել հայկական կողմի վրա, ինչը, բնականաբար, շատ արագ հերքվեց ԼՂՀ ՊԲ կողմից:
Բաքվի եւ Երեւանի այս լռության ֆոնին սահմանում վերստին թեժացած իրավիճակը խոսում է այն մասին, որ կողմերից ոչ մեկը այս փուլում չի ցանկանում շարունակել բանակցությունները, քանի դեռ չեն ապահովվել դրա համար իրենց կողմից առաջադրված պայմանները: Թե ինչ պայմաններ է առաջադրել Երեւանը, հայտնի է:
Այդ մասին նախ՝ հայտարարեց Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում, ապա եւ` երկրորդեց ՀՀԿ խոսնակը: Եվ պետք է նկատել, որ Վիեննայում հանդիպելու առաջարկին կից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ որոշակիորեն ուրվագծվում էր այդ պայմանների շուրջ առնվազն կոնստրուտիվ քննարկումներ տանելու` միջնորդների պատրաստակամությունը:
Իսկ թե ինչ պայմաններ է առաջադրում Բաքուն, կարծեք թե, որեւէ կերպ չի բերվել հոդաբաշխ ձեւակերպման` բացի «օկուպացված տարածքնների», ընդհուպ անգամ ԼՂՀ-ի վերադարձի մասին բազմիցս չարչրկված հաթաթաները, որոնց իրագործման ուղղությամբ ապրիլյան քառօրյա պատերազմում Բաքուն ակնհայտորեն տապալվեց: Եվ այս իմաստով ակնհայտ է, որ Վիեննայում կայանալիք հանդիպումն առավել անցանկալի է հենց Ալիեւի համար, թեեւ առանց ԼՂՀ ներգրավման բանակցություններին վերադառնալու տարբերակը հայկական կողմի համար եւս ոչ լավ լուծում է:
Եվ ուրեմն արդյոք սահմանին մարտական գործողությունների վերսկսմամբ փորձ է արվում վիժեցնել այդ հանդիպումը, պարզ կդառնա արդեն առաջիկա երկու օրերին: