Ինչպես հայտնի է՝ մայիսի 18-ին տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավել գյուղերի բնակիչներ խոշոր չափի վնասներ են կրել: «Ժողովուրդ»-ը իր նախորդ հրապարակումներում գրել էր, որ կարկտահարված գյուղերում եղել են հակակարկտային կայաններ, որոնք «Յուքոմ»-ի կապի խափանման պատճառով չեն կրակել: Այս խնդրի շուրջ զրուցեցինք «Յուքոմ»-ի մարքետինգի եւ կոմունիկացիայի տնօրեն Տիգրան Սաֆարյանի հետ:
-Պարո՛ն Սաֆարյան, ԱԻՆ-ից տեղեկացանք, որ մայիսի 18-ին «Յուքոմ»-ի պատճառով հակակարկտային կայանները չեն կրակել. կապ չի եղել: «Յուքոմ»-ը կփոխհատուցի՞ գյուղացիներին:
-Մենք ունենք գործընկեր, որը ԱԻՆ հիդրոմետ ծառայությունն է, որի հետ ունենք տարրական համագործակցության բիզնես պայմանագիր: Եւ որեւիցե առանձնահատուկ պայմանագիր, թե ինչի համար են իրենք օգտագործում մեր կապը, մենք չունենք: Մենք իրենց հետ որպես հաճախորդ ունենք կապի տրամադրման պայմանագիր: Թե ինչն են իրենք իրականացնում մեր կապի միջոցով, մեզ հետ կապ չունի: Այսինքն՝ մեր ու իրենց հարաբերությունները այնպիսին են, ինչպես ցանկացած այլ գրասենյակի հետ՝ ուղղակի կապ ենք տրամադրում: Բայց իրենց իսկ խնդրանքով մենք այսօր (երեկ-Ս.Հ.) հանդիպում ենք ունեցել եւ առաջիկայում որոշակի տեխնիկական խորհրդատվություն կտրամադրենք, թե էլ ինչ կարող են իրենք անել նման դեպքերում:
-Ամեն դեպքում, այդ օրը «Յուքոմ» ընկերության կապի խափանման պատճառով հակակարկտային կայանները չեն կրակել:
-Այո, այդ օրը ունեցել ենք միայն հաղորդագրություններ ուղղարկելու հետ կապված որոշակի խնդիրներ ե՛ւ եղանակային պայմաններից ելնելով, ե՛ւ մեր ներքին տեխնիկական աշխատանքներն իրականացնելու արդյունքում: Պատճառները տարբեր են, եւ դրանք ռեգուլյար բնույթ կրող գործողություններ են: Ի դեպ, եթե չեմ սխալվում՝ քսան օր առաջ իրենցից խնդրանք ստացանք, որ եթե նույնիսկ խնդիրներ լինեն վճարման, չվճարման եւ ցանկացած տիպի, որից ընկերությունը կանջատի կապը, վճարման վրա ուշադրություն չդարձնենք: Նաեւ նշել էին, որ այս ժամանակահատվածում շատ կարեւոր է իրենց համար, որ կապը չանջատվի:
-Եվ չնայած դրան՝ կապը, փաստորեն, խափանվեց, ինչի արդյունքում հարյուրավոր գյուղացիներ են տուժել, նրանց ողջ բերքը փչացել է՝ հասցնելով միլիոնավոր դրամների վնաս: Ո՞վ է պատասխանատվություն կրելու, ո՞վ է փոխհատուցելու նրանց կրած վնասները:
-Ես հասկանում եմ, դա շատ վատ խնդիր է, դրա համար մենք հիդրոմետ ծառայությանը մեր տեխնիկական աջակցությունն ենք առաջարկել. խորհուրդ կտանք, թե ինչով կարելի է այդ համակարգը փոփոխել, հեռախոսի երկրորդ գիծ ունենալ, ինտերնետի միջոցով դա իրականացնել: Եթե խնդիրն այն է, որ միայն մի հաղորդագրությունից է կախված հակակարտային կայանի կրակելը, դա այդքան էլ լավ չէ:
-Գյուղացիներին օգնելու հարցով «Յուքոմ»-ը առաջիկայում չի՞ պատրաստվում քննարկում անցկացնել:
-Այս պահին քննարկում չի եղել: Քննարկում միանշանակ տեղի է ունենալու, բայց ոչ ավելի, քան ԱԻՆ-ին խորհրդատվություն տալու մասով:
-Իսկ գյուղացիներին փոխհատուցելու կապակցությա՞մբ…
-Մենք կապ չունենք գյուղացիների հետ: Դուք պատկերացրեք, որ հազարավոր ընկերություններ կան, որոնք կապի հետ կապված տարբեր տեսակի գործողություններ են ծավալում: Եթե մենք նախապես, հատուկ համաձայնում ենք ապահովել ինչ-որ մի ծառայություն, մենք դա ապահովում ենք:
Հ.Գ. Հուսանք, որ այսքանից հետո ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ի վերջո, հարկ կհամարի այս խնդրին ուշադրություն դարձնել: Չէ որ ԱԻՆ-ի գործը միայն հրդեհ հանգցնելը կամ էլ մարդկանց ինքնասպանությունից փրկելը չէ: Գուցե՞ Երիցյանը ծառայողական քննություն անցկացնի՝ պարզելու, թե իրականում ում թերի աշխատանքի պատճառով են հարյուրավոր գյուղացիներ վնասներ կրել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ