Լավագույն պաշտպանությունը հարձակումն է. Հայաստանի հեզ ու խոնարհ կեցվածքի պատճառով Ադրբեջանն ավելի արյունալի ագրեսիայի կդիմի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախ՝ Բրյուսելում կհանդիպեն Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովին, ապա՝ հունիսի 2-ին Փարիզում քննարկումներ կունենան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ հանդիպումների նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հունիսին սպասվող հանդիպման նախապատրաստումն է:

Իհարկե, հակամարտությունը խրամատներից դեպի բանակցային սեղան տեղափոխելը միշտ էլ նախընտրելի տարբերակ է, խնդիրն այն է, թե այդ տեղափոխությունից հետո որքանով են ավելի հետ դրվում հայկական խրամատները. մի բան, որին ականատես եղանք Վիեննայի հանդիպումից հետո, երբ դիվանագիտական սեղանի շուրջ ձեռք բերված ինչ-ինչ պայմանավորվածությունից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը համարեց, որ եկել է անհրաժեշտ պահը՝ հանրությանը իրազեկելու եւ արձանագրելու հայկական կողմի կրած 800 հեկտար տարածքի կորստի մասին:

Այդ հայտարարությունն, իհարկե, համեմվեց հայկական կողմի ունեցած ձեռքբերումների մասին պնդումներով, որոնց շատ ընդհանրական եւ հռչակագրային արտահայտությունը, այնուհանդերձ, կար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունած հայտարարությունում՝ մասնավորապես կապված սահմանագծին խախտումներն արձանագրող սարքերի տեղադրման եւ հետաքննող մեխանիզմների ներդրման շուրջ կողմերի ստանձնած պարտավորությունների հետ:

Եվ հենց այստեղ է, որ Սերժ Սարգսյանն արեց հայկական կողմի համար դրական հեռանկար ուրվագծող, թերեւս, միակ հայտարարությունը, այն է՝ հայկական կողմը ցանկություն է հայտնել, որ մինչեւ հունիսին կայանալիք հանդիպումն այդ մոնիտորինգային մեխանիզմը ներդրված լինի:

Սակայն դատելով անցած օրերին այս ուղղությամբ իրականացված քայլերից՝ կարելի է առանց կասկածելու ասել, որ հայկական կողմից առաջադրված այդ նախապայմանը, կամ ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ «ցանկությունը», այդպես էլ մնալու է զուտ ցանկություն, եւ առնվազն մինչեւ հաջորդ հանդիպումն այդ ուղղությամբ ոչ մի նշանակալի տեղաշարժ չի լինելու: Հետեւաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք արժի, որ Ս. Սարգսյանն առհասարակ գնա այդ հանդիպմանը, արդյո՞ք հայկական կողմն, ի վերջո, չպետք է որպես չքննարկվող նախապայման առաջադրի Արցախի՝ բանակցային սեղանին վերադարձը:

Ի վերջո, եթե այս անգամ էլ հայկական կողմը հեզ ու խոնարհ ներկայանա այդ հանդիպմանը, անկախ դրա արդյունքում ձեռք բերվելիք պայմանավորվածություններից, որոնք հազիվ թե լինեն վերջնական կամ գոնե բեկումնային, Ադրբեջանը համարելու է, որ ինքն արդեն լիարժեք կարող է «մարսել» ապրիլյան պատերազմը եւ նախապատրաստվել հաջորդ՝ ավելի արյունալի եւ լայնամասշտաբ ագրեսիային: Հետեւաբար, լավագույն պաշտպանությունը հարձակումն է՝ հանրահայտ ռազմավարությամբ հայկական կողմն, ի վերջո, պետք է առավելագույնս կոշտացնի իր դիրքորոշումը, հարկ եղած դեպքում՝ պատրաստ լինելով անգամ ամենադժվար զարգացումներին:




Լրահոս