Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրն է, որը մեր ազգային տոնացույցի ամենակարեւոր տոներից մեկն է: Անժխտելի է, որ եթե չլիներ 1918թ. hազարավոր հայորդիների արյան գնով ձեռք բերված եւ թեկուզ երկու տարի գոյատեւած Առաջին Հանրապետությունը, մենք չէինք ունենա մեր ներկայիս անկախ պետությունը:
Առաջին Հանրապետության նշանակության մասին շատ է խոսվել, յուրաքանչյուր տարի հատկապես մայիսյան եռատոների շրջանակներում միշտ էլ պաթետիկ ելույթների եւ հայտարարությունների պակաս չի եղել: Սակայն այս տարի իրավիճակն այլ է. անցած 22 տարիներից ի վեր այս անգամ մենք մայիսի 28-ը նշում ենք բոլորովին նոր իրողությունում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի առաջ բերած նոր մարտահրավերների եւ հրատապ լուծում պահանջող թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրների նոր բեռան ներքո:
Հայտնի խոսք կա՝ պատմությունը ետ նայելով՝ առաջը տեսնելու հնարավորություն է տալիս: Այս իմաստով անցած տարիներին որքանով է մեզ հաջողվել խորությամբ նայել հետ՝ դեպի պատմական անցյալ, որպեսզի կարողանանք առավել հստակ տեսնել մեր ապագան: Այս հարցի պատասխանը, ցավոք, առանձնապես լավատեսական չէ, քանի որ անգամ ոչ շատ խորքային հայացքով էլ տեսանելի են այն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային մարտահրավերները, որոնք գրեթե անփոփոխ են անցած հարյուր տարիներին:
Հայաստանն այսօր էլ, ինչպես հարյուր տարի առաջ, կանգնած է Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերի բախման կետում՝ Թուրքիայի թշնամական հայացքի ներքո, որին հենց 1918թ. մայիսի 28-ին միացավ նաեւ վերջինիս կրկնօրինակը՝ Ադրբեջանը: Եվ հայկական Երրորդ Հանրապետության ստեղծման եւ գոյության անցած քսանհինգ տարիներին մենք այդպես էլ չկարողացանք զերծ մնալ այն նույն սխալներից, աշխարհաքաղաքական այն նույն «փոցխերից», որոնց վրա կանգնելով արդեն իսկ կրել էինք այդքան ցավալի կորուստներ:
Այդ ամենն առավել ակնառու դարձավ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, որի ընթացքում եւս, ինչպես Սարդարապատի ճակատամարտում, քաղաքական կենտրոնների գծած սցենարը ձախողվեց բացառապես օրհասական պահին մեր ժողովրդի պանծալի զավակների, մեր հերոս երիտասարդների գործած սխրանքների արդյունքում:
Եվ այսօր էլ, ինչպես 98 տարի առաջ, Հայաստանի՝ արդեն Երրորդ Հանրապետության հզորացման համար առաջնային խնդիրը մեր ներքին կենսակերպն ու կենսառիթմը առկա մարտահրավերներին համարժեք դարձնելն է, մեր հերոսներին արժանի իշխանություն ունենալն ու դրան հակասող որեւէ երեւույթի, որեւէ քայլի կամ որոշման հետ չհամակերպվելն է: