Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Զբոսաշրջության համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում կազմակերպում է զբոսաշրջային էքսպո, տեղեկացնում են հիմնադրամից։ Այդ օրը Հյուսիսային պողոտան կդառնա տուրիստական նորությունների կենտրոն։ Էքսպոյին առանձին տաղավարներով կներկայացվեն հանրապետության 10 մարզերը՝ յուրաքանչյուրը ցուցադրելով իր տարածաշրջանի մշակութային առանձնահատկությունները (երգ, պար, պատմամշակութային վայրեր, խոհանոց և այլն)։
Ցուցահանդեսին կմասնակցեն նաև զբոսաշրջային գործակալություններ, տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններ։ Ցուցահանդեսը կուղեկցվի նաև մշակութային միջոցառումներով, որոնք այցելուներին կծանոթացնեն Հայաստանի մշակութային բազմազանությանը, կհաղորդեն տեղեկություններ հանգիստն ու ազատ ժամանցն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։
Զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված էքսպոն նպատակ ունի վեր հանել և ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային ներուժը, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների միջև ամրապնդել գործընկերային կապերը։ Միջոցառման նպատակն է նաև բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ: