ՀԱՐՑ. Ես քրիստոնյա եմ, հավատում եմ Աստծուն եւ հաճախ եմ գնում եկեղեցի: Բայց աշխատանքի բերումով չեմ կարողանում ամեն կիրակի մասնակցել Սուրբ պատարագի արարողությանը: Կցանկանայի իմանալ՝ արդյոք պարտադիր է ամեն անգամ պատարագին մասնակցելը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս առիթով ասեմ, որ Սուրբ պատարագի խորհուրդն ազգային մշակույթի մաս է կազմում: Այսօր ցավով եմ նկատում, որ թեեւ եկեղեցում շատ մարդ կա, մինչդեռ կան մարդիկ, որոնք իրենց հայ են համարում, բայց Ս. պատարագին չեն մասնակցում: Տիրոջ մարմնի եւ արյան հաղորդության շնորհիվ մենք կկարողանանք իմաստություն ունենալ՝ հասկանալ նրա խոնարհության չափը: Դավիթ մարգարեն այս մասին ասում է, որ Աստծուն հաճելի պատարագը սուրբ սիրտն է եւ խոնարհ հոգին, եւ Աստված այն չի արհամարհում: Նաեւ Սողոմոն իմաստունն է ասում. «Տերը հակառակ է ամբարտավաններին, նա շնորհ է տալիս խոնարհներին»: Չէ՞ որ Հիսուս ասաց. «Սովորե՛ք ինձանից, որովհետեւ հեզ եմ եւ սրտով խոնարհ»: Ինչպե՞ս պիտի կարողանանք այդ հեզությունը եւ խոնարհությունն ունենալ, եթե ոչ՝ հեզին եւ խոնարհին, սրբին եւ անարատին մեր մեջ ունենալով: Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակելով՝ Աստծու հնազանդությունն ենք ճաշակում՝ այն մեր մեջ ընդունելով:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհերքելի փաստ է, որ մեր օրերում երիտասարդներն ու պատանիները նախընտրում են իրենց ազատ ժամանակն անցկացնել ժամանցի վայրերում՝ առանց րոպե անգամ մտածելու հոգեւոր եւ բարոյական կարեւոր արժեքների մասին: Եվ այս առումով մեզ դիմած քաղաքացին, թերեւս, բացառություն է կազմում: