Բանակցություններ՝ բանակցությունները վերսկսելու շուրջ. ի՞նչ եզրակացություններ պետք է անել Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում երեկ կայացած եռակողմ՝ Պուտին-Ալիեւ-Սարգսյան հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունը կարծեք թե հայկական կողմի համար մտահոգիչ դրույթներ չի պարունակում: Հիշեցնենք, որ մինչ հանդիպումը հայկական կողմից ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովը ասել էր, թե սա լինելու է ընդամենը բանակցություն՝ բանակցությունները վերսկսելու շուրջ, իսկ, ահա, ադրբեջանական կողմը՝ երկրի նախագահ Ի. Ալիեւի մակարդակով մինչ Սանկտ Պետերբուրգ մեկնելը, հոխորտացել էր. «Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե մենք եւս 20 տարի պետք է շարունակենք անիմաստ բանակցությունները, ապա սխալվում են: Մենք չենք վարի բանակցություններ հանուն իմիտացիայի»։

Այդպիսով՝ եթե հայկական կողմը գնացել էր Սանկտ Պետերբուրգ՝ ընդամենը բանակցային գործընթացի վերակենդանացման հարցը քննարկելու, ապա ադրբեջանական կողմը ՌԴ հյուսիսային մայրքաղաք էր մեկնել շատ կոնկրետ ակնկալիքներով: Համենայն դեպս, այդ են վկայում գոնե պաշտոնական հայտարարությունները: Եվ, ահա, դարձյալ հիմքում ունենալով եռակողմ հանդիպումից հետո արված պաշտոնական հատարարությունը՝ ինչ կարող ենք արձանագրել: Նախ՝ «Նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները»: Վիեննայի գործընթացի հիշատակումն ու դրա շուրջ հետագա հետեւողականության մասին հավաստիացումները, կարծեք թե, գալիս են ցրելու այն մտավախությունները, որ ՌԴ-ն, միանձնյա նախաձեռնելով այդ հանդիպումը, փորձում էր Վիեննայից դուրս կամ զուգահեռ առանձին գործընթաց սկսել:

Պակաս կարեւոր չէր նաեւ դիտորդների թվաքանակի ավելացման մասին ձեւակերպումը, թեեւ այստեղ ստիպված ենք արձանագրել, որ այն չափազանց անորոշ է թե՛ ժամկետների, թե՛ մեխանիզմների եւ թե՛ կիրարկման տեսանկյունից: Եվ չի բացառվում, որ հենց այս հարցում է Սանկտ Պետերբուրգում քննարկվել քայլերի այլ հաջորդականություն՝ նկատի առնելով ոչ թե հենց ԱՄՆ-ի եվ ԵՄ կողմից վերջին երկու տարիների ընթացքում համառորեն առաջարկվող մոնիտորինգի եւ հետաքննության մեխանիզմների կիրառումը, այլ 94-95թթ հրադադարի հաստատման եւ ամրապնդման մասին համաձայնագրերով նախատեսված մեխանիզմները, որոնք սկզբունքորեն այլ ձեւաչափեր եւ մեթոդներ են ենթադրում:
Իհարկե, լավ էր նաեւ այն, որ նշվեց «կանոնավոր շփումների կարեւոր նշանակությունը» եւ ամենաուշագրավը, որ «կողմերը պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձեւաչափով՝ հավելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, ովքեր հրավիրված էին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ավարտին»:

Արդյոք լավ է ԵԱՀԿ եռանախագահների ֆորմատին «ի հավելումն» նաեւ Ռուսաստանի սեպարատ ակտիվացումը, ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ կարող ենք արձանագրել, որ սա, կարծես թե, իսկապես ավելի շատ բանակցություններ էին՝ բանկցությունները վերսկսելու շուրջ, քան կոնկրետ լուծումներ ուրվագծած հանգրվան:




Լրահոս