Ինչու հենց հիմա Թուրքիան որոշեց ներողություն խնդրել Ռուսաստանից. ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ «ներողությունը» Հայաստանի համար. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուշագրավ զարգացում է տեղի ունեցել ռուս-թուրքական հարաբերություններում. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել Պուտինին, որտեղ ցավակցություն է հայտնել «Սու 24» ռուսական ռմբակոծիչի օդաչուի մահվան կապակցությամբ եւ օգտագործել «ներողություն» բառը: Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն 2-րդ նամակն է՝ ուղղված Պուտինին Թուրքիայի նախագահ Էրդողանից: Նախորդ նամակը, ինչպես հիշում ենք, կապված էր ՌԴ ազգային տոնի հետ, սակայն հակառակ թուրքական կողմի ակնկալիքների՝ Կրեմլը շատ սառը արձագանքեց՝ ասելով, որ պատասխանելու անհրաժեշտություն չի տեսնում, եւ դա ընդամենը ֆորմալ քայլ էր՝ ընդունված անգամ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրների միջեւ:

Արդյոք այս անգամ Մոսկվայի արձագանքն այլ կլինի, պարզ չէ: Ի դեպ, հստակ չէ նաեւ բուն նամակի բովանդակությունը: Համենայնդեպս, պաշտոնական Անկարայից երեկվա դրությամբ չկար որեւէ տեղեկություն այն մասին՝ արդյոք Էրդողանն իրապես «ներողություն» բառն օգտագործել է, թե դա պարզապես եղել է նամակի բովանդակության համատեքստում: Թեեւ երեկ Թուրքիայի վարչապետը խոսել էր ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում դրական առաջընթացի մասին՝ խոստանալով այն առաջիկայում ներկայացնել հանրությանը:
Նկատենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերկանգնման գլխավոր նախապայմանը՝ առաջադրված Պուտինի կողմից դեռեւս 2015թ. նոյեմբերին, հենց պաշտոնական ներողությունն էր, ինչն այսքան ամիսներ այդպես էլ չէր ցանկանում արտաբերել Անկարան՝ հակադարձելով, թե իրենք չեն պատրաստվում ներողություն խնդրել սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու համար:

Սակայն որոշակի աշխարհաքաղաքական փոփոխություններից եւ եվրոպական ուղղությամբ կրած նոր հիասթափություններից հետո Թուրքիան գնաց այդ քայլին, եւ սա չի կարող մտահոգիչ չլինել մեզ համար: Առավել եւս, որ այդ հարցում ոչ վերջին նշանակությունն ունեցավ հենց հայկական գործոնը՝ սկսած Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված վերջին իրադարձություններից Գերմանիայում, ավարտած ապրիլյան պատերազմում ադրբեջանական կողմի կրած անհաջողություններով եւ Ղարաբաղի հարցով բանակցություններում առաջադրված ոչ ադրբեջանանպաստ՝ հետաքննությունների մեխանիզմի տեղակայման ուղղությամբ զարգացումներով:

Եվ այս իմաստով ամենեւին պատահական չպետք է համարել հետաքննության մեխանիզմների մերժման հետ կապված Իլհամ Ալիեւի՝ նախօրեին արած հայտարարությունը: Ոչ պակաս կարեւոր է նաեւ ՀՀ-ՌԴ միավորված ՀՕՊ համաձայնագրի վավերացման գործընթացի արագացումն ու Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ֆորմատից զատ՝ նոր՝ երեք նախագահների ֆորմատի ամրագրումը: Սրանք բոլորը գործընթացներ են, որոնք մեկը մյուսի հետ շատ սերտորեն կապված են, եւ որոնց ընդհանուր ուղղվածությունը ՀՀ որեւէ լավ բան չի խոստանում:




Լրահոս