ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞ր փաստաթղթերն են ենթակա ապոստիլով հավաստման:
Օֆելյա Սիրադեղյան (42 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապոստիլով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաեւ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի հիման վրա ապոստիլ դրվում է հետեւյալ պաշտոնական փաստաթղթերի վրա՝
-«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի կամ պատճենների, նոտարի կողմից տրված վկայագրերի, նոտարի կողմից վավերացված թարգմանությունների,
-քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաստաթղթերի,
-դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի,
-դատարանների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ: Իսկ մեկ աշխատանքային oրվա ընթացքում ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը՝ 8000 ՀՀ դրամ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար: