Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի շուրջ դժգոհությունները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի շուրջ դժգոհություններ ունեն նաեւ իրավական համակարգի մի շարք պաշտոնյաներ: Ուժային կառույցների շատ ներկայացուցիչներ իրենց վերադասներին դիմելով՝ հայտնել են, որ տեղին է դատապարտյալների դժգոհությունը այն մասով, որ անկախ հանձնաժողովը չի գործում եւ օբյեկտիվ չէ դատապարտյալների կողմից ներկայացված դիմումների նկատմամբ:

Ըստ նրանց, նախկինում կազմը քիչ էր, եւ հնարավոր էր լինում օբյեկտիվ մոտենալ դատապարտյալների քրեական գործերին, իսկ կազմի մեծացման արդյունքում պատկերը փոխվել է, եւ դատապարտյալների բարձրաձայնումները տեղին են:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման 3 անկախ հանձնաժողով, «Գորիս»-ի, «Մեղրի»-ի, «Երեւան-Կենտրոն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի անդամներն են՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հունան Պողոսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության գլխավոր մասնագետ Մհեր Խաչատրյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց եւ դատապարտյալների հաշվառման բաժնի պետ Սամվել Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, Մարդու իրավունքների պաշտպանի ռազմական եւ զինծառայողների հարցերով խորհրդական Ռուստամ Մախմուդյանը:

Երկրորդ հանձնաժողովը, որը սպասարկում է «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները, նախագահում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը, անդամներն են՝ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Կարեն Գասպարյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը, հանրային խորհրդի անդամ Կորյուն Առաքելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տիգրան Մարտիրոսյանը, Երեւանի պետական համալսարանի հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս Էլդա Գրինը:

Երրորդը, որը սպասարկում է «Սան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները, նախագահում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, անդամներն են` առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը, նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Երանոսյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը, հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս