Տեղի է ունեցել արդարադատության ոլորտի ֆինանսավորման համաձայնագրերի Վերստուգող կոմիտեի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ» և «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ֆինանսավորման համաձայնագրերի Վերստուգող կոմիտեի նիստը, որին մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Աշխատանքային հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանը, Սուրեն Քրմոյանը, ՀՀ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ:
Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել ոլորտի բարեփոխումների առանցքային գործընկերոջը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, ցուցաբերվող աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

Նախարարի խոսքով՝ ըստ ֆինանսական համաձայնագրի, «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը մոտենում է իր ավարտին, իսկ դատական ոլորտը այն տեղն է, որտեղ մշտապես անհրաժեշտ է հետևողական և հավակնոտ լինել:
«Սահմադրական բարեփոխումներից հետո Հայաստանը թևակոխել է դատական ոլորտին առնչվող փոփոխությունների նոր փուլ, որը, մասնավորապես, վերաբերում է դատավորների անկախության երաշխիքների ամրապնդմանը, արդարադատության համակարգի հետագա բարեփոխմանը և նորաստեղծ պրոբացիոն ծառայության աշխատանքների զարգացմանը»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը նաև կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարեփոխումների ծրագրերին:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում:
Դեսպանը ընդգծել է, որ այս քննարկումները դրական զարգացում կարող են ապահովել Հայաստանի և ԵՄ-ի ապագա համագործակցությունների համար:
Պյոտր Սվիտալսկին նաև բարձր է գնահատել հակակոռուպցիոն ոլորտում առկա զգայուն խնդիրների բարձրաձայնումն իրավասու պաշտոնյաների կողմից ու կարևորել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Վերստուգող կոմիտեի նիստին քննարկվել են դատաիրավական ոլորտին, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատավորների անկախությանը, քրեակատարողական հիմնարկների պայմաններին և պրոբացիոն ծառայությանն առնչվող թեմաներ:

Մասնակիցները նաև անդրադարձել են ընտանեկան բռնությունների դեպքերի կանխարգելմանը, երեխաների պաշտպանությանն ուղղված առավել ուժեղ մեխանիզմների հաստատմանը, անձնական տվյալների պաշտպանությանը և այլն:
Այս առիթով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասել է, որ բռնության ցանկացած դեպք անընդունելի է , և, որ հարկավոր է մշակել նոր, առավել արդյունավետ մեթոդներ՝ ընտանեկան բռնությունների դեպքերի կանխարգելման, երեխաների անվտանգության պահպանման, անձնական տվյալների պաշտպանության հարցում:

Հանդիպման շրջանակում զեկույցներ են ներկայացվել՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – երկրորդ փուլ» ծրագրով նախատեսված 3-րդ հատկացման հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների, ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «ՀՀ իրավական
և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված միջոցառումների իրականացման, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի, «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի ընդանուր այլ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել մշտադիտարկման հետագա աշխատանքները:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարականության հետ կապերի վարչություն




Լրահոս