Եկեղեցին և հոգևորականությունը ջանքեր են գործադրում, որպեսզի ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, որն այլընտրանք չունի: Երևանում ստեղծված իրադրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան` նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Համբարձում քահանա Դանիելյանը: «Իսկապես ցավ ենք ապրում և մտահոգ ենք Երևանում կատարվող ցավալի դեպքերի առիթով, երբ կրկին վրդովված է մեր ժողովրդի խաղաղ կյանքը: Ցավոք, ունենք մեկ զոհ և տասնյակ վիրավորներ: Ցավակցում ենք զոհված հայորդու ընտանիքի անդամներին, հարազատներին և աղոթում նրա հոգու հանգստության համար, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում բախումների հետևանքով տուժածներին:
Տեղյակ եք, որ օրեր առաջ Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որում Վեհափառ Հայրապետը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն իրենց խորը մտահոգությունն արտահայտեցին ստեղծված կացության մասին` ողջախոհության կոչ անելով և հորդորելով խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար, եկեղեցու, մտավորականների և շատերի կոչն անտեսվեց, որի արդյունքը երեկվա և գիշերվա լարված մթնոլորտն ու բախումներն էին:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել զգոնություն, չտրվել սադրանքների և խուսափել նոր բախումներից, անցանկալի զարգացումներից, որոնք վտանգում են մեր ազգի և պետության շահերը»,-ասված է պատասխանում: