Մինչ բոլորիս ուշադրությունը սեւեռված է Խորենացի փողոցին, Հայաստանի արտաքին մարտահրավերները ոչ միայն չեն փոքրանում, այլեւ նոր, առավել վտանգավոր երանգներ են ստանում: Արդեն իսկ Խորենացի փողոցում հանգուցալուծումների հարցում Արեւմուտքի եւ Ռուսաստանի մոտեցումների միջեւ բարձրաձայնվող հակասությունները ցույց են տալիս, թե ինչ բարդ դիլեմայի առջեւ է կանգնած Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն իրենց հայտարարություններում, ըստ էության, փորձում են հավասարութան նշան դնել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցում, մինչդեռ ՌԴ-ն դա անընդունելի է համարում՝ ընդգծելով, որ նույն ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում իշխանություններն առանց վարանելու վնասազերծում են զինված խմբերին եւ այդ ընթացքում առանձնապես չեն մտածում վերջիններիս իրավունքների եւ անվտանգության մասին:
Եվ, ահա, այս իրավիճակում չի դադարում ղարաբաղյան հակամարտության շուրջ ակտիվ բանակցային գործընթացը: Մասնավորապես՝ նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ քննարկվում է օգոստոսին Վ. Պուտինի միջնորդությամբ նոր հանդիպման անցկացման հարցը: Հիշեցնենք, որ մինչ այս խոսվում էր հաջորդ հանդիպումը ոչ թե Մոսկվայում, այլ Փարիզում անցկացնելու մասին: Եվ այն, որ Ռուսաստանի միջնորդությամբ անընդմեջ երկու հանդիպման անցկացման հնարավորությունն է քննարկվում, ցույց է տալիս, որ պարիտետային սկզբունքը այլեւս պարտադիր չի դիտվում:
Հենց ռուսական կողմի միջնորդությամբ հանդիպման անցկացման հնարավորությունը նաեւ որոշակի իմաստով կապ ունի Խորենացի փողոցում իրադարձությունների հանգուցալուծման հնարավոր տարբերակների դիտարկման հետ: Ի վերջո, Մոսկվան արդեն հստակ ասել է, թե ինչ լուծում է ակնկալում: Եվ եթե հիշենք, որ հենց ազատագրված տարածքների հանձնման գործընթացի, կամ «Լավրովի պլանի» դեմ ընդվզումն էր Խորենացի փողոցում զարգացումների հիմքում, ապա պարզ է դառնում, թե ինչքան դժվարին է լինելու Սերժ Սարգսյանի համար այնպիսի որոշում կայացնելը, որը ե՛ւ արտաքին ճակատում չի թուլացնի նրա դիրքերը, ե՛ւ ներքին դաշտում նրան չի դարձնի ազգի դավաճան:
Եթե Ս. Սարգսյանը չգնա իրավիճակի ուժային լուծման, դա կարող է ընկալվել որպես նրա թուլության եւ բանակցային որեւէ համաձայնություն կյանքի կոչելու հարցում ունակ չլինելու նշան: Բացի այդ՝ դա կարող է գնահատվել որպես ի սկզբանե ծրագրված գործընթաց՝ բանակցությունները ձգձգեու եւ տարածքային զիջումների հարցում ճնշումներից խուսափելու նպատակով: Եվ ուրեմն Մոսկվայի նախանշած հանգուցալուծումից շեղումը կարող է հանգեցնել Սերժ Սարգսյանին գահընկեց անելու որոշման կայացմանը Կրեմլում: Իսկ գրոհի, ասել է, թե արյունահեղության գնալու դեպքում էլ այդ որոշումը կկայացնի հայ ժողովուրդը: