ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցությունների համար նախկին շահագրգռությունը չունի. հայկական կողմը պետք է առավել հետևողական լինի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ով հանդիսանում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ հայկական կողմի գլխավոր բանակցողներից մեկը, երեկ հայտարարել է, թե առկա են որոշակի համաձայնություններ՝ ընդգծելով, որ պայմանագրի շատ հատվածների շուրջ քննարկումները շարունակվում են: «Մինչեւ տարեվերջ դեռեւս երկու բանակցային ռաունդ նախատեսվում է մեր մասով իրականացնել, որեւէ հատուկ սուր, պրոբլեմատիկ հարց այս պահի դրությամբ չունեմ, որը հնարավոր է նշել որպես խնդրահարույց՝ բանակցային գործընթացի տեսանկյունից»,- ասել է Մելքոնյանը՝ այնուհանդերձ չհստակեցնելով՝ երբ վերջնականապես պատրաստ կլինի համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հակառակ կարծիք էր արտահայտել՝ նկատելով, թե բանակցային գործընթացում կան որոշակի դժվարություններ: Ու թեեւ Սվիտալսու ասածին շատ արագ հակադարձեց ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը՝ հեգնելով, թե Սվիտալսկին չի մասնակցել բանակցային վերջին փուլերին, հետեւաբար կարող է եւ լավ տեղեկացված չլինել, այնուհանդերձ, անհասկանալի է, թե ինչու է շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը այսքան դանդաղ տեպմերով առաջ շարժվում: Ի վերջո, հենց նույն ՀՀ պաշտոնյաներն էին հավաստիացնում, թե երկրորդ անգամ բանակցությունները շատ ավելի հեշտ են լինելու, քանի որ արդեն իսկ առկա է 3,5 տարի բանակցված եւ վերջնականապես համաձայնեցված Ասոցացման համաձայնագիրը, որը, ինչպես հիշում ենք, նախաստորագրումից երկու ամիս առաջ չեղարկվեց Ս. Սարգսյանի՝ 2013.թ սեպտեմբերի 3-ի որոշմամբ:

Նշվում էր, որ նոր համաձայնագրում անհրաժեշտ է կատարել որոշ խմբագրումներ՝ հատկապես տնտեսական դրույթները համաձայնեցնելու համար ԵՏՄ կանոնակարգերին, իսկ ընդհանուր առմամբ հիմնական մասը արդեն իսկ պատրաստ է: Հիմա, սակայն, անցած դեկտեմբերի 7-ից պաշտոնապես սկսված բանակցային գործընթացից ութ ամիս անց Գարեգին Մելքոնյանն ասում է. «Որոշակի հատվածում արդեն համաձայնությունները ունենք, շատ հատվածներ կան, որոնք աշխատանքային կարգով քննարկումները շարունակվում են»:

Փաստորեն, եթե ութ ամիս անհրաժեշտ եղավ «որոշակի հատվածների» համար, կարելի է ենթադրել, թե քանի ամիս կպահանջվի մնացած «շատ հատվածների» համաձայնեցման համար:
Ստեղծված իրավիճակում, երբ Եվրամիության առջեւ ծառացել են շատ լուրջ խնդիրներ՝ սկսած Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացով, ավարտված եվրոպական երկրներում մեկը մյուսին հետեւող ահաբեկչական գործողություններով եւ բռնատիրական Թուրքիայի «կորստով», կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցությունների համար նախկին շահագրգռությունը չունի: Ուստի ներկայումս հենց հայկական կողմը պետք է առավել հետեւողական լինի բանակցային գործընթացի ակտիվ ընթացքի հարցում: Բայց արդյո՞ք դա թույլ կտրվի:




Լրահոս