Ռուսական կողմը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել են 2008թ. սեպտեմբերից: Այս մասին ասվում է ԼԴՊՌ կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Վիտալի Զոլոչևսկուն ուղղված պատասխան նամակում, ով դիմել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին՝ խնդրելով դիտարկել ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, փոխանցում է Eadaily-ն:
«Ռուսական կողմն այդ ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում, որի արդյունքում վերջին տարիներին վերականգնվել է տրանսպորտային հաղորդակցությունը, աճում է փոխադարձ առևտուրը, ազատականացվել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, զարգանում են հումանիտար կապերը»,-ասվում է նամակում:
Թբիլիսին խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 2008թ., Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիայից հետո: Այդ պահից Ռուսաստանի և Վրաստանի միջև միջնորդ է հանդիսանում Շվեյցարիան: