Ինչո՞ւ իշխանությունների պատասխանատվության հարցը դուրս մնաց Սերժ Սարգսյանի ելույթից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես՝ ուղիղ 15 օր երկիրը փոթորկած իրադարձությունների ընթացքում ընդամենը մեկ անգամ՝ այն էլ 6-րդ օրը, կարճատեւ գրավոր մի տեքստ կարդալուց հետո երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը երեկ վերջապես բարեհաճեց հանդես գալ, ինչպես նախագահականի հաղորդագրությունում է նշված՝ «հասարակության, իշխանությունների եւ հոգեւոր դասի» առջեւ: Թե ովքեր էին «հասարակություն» ասվածը ներկայացնում Բաղրամյան 26-ի դահլիճում, թերեւս ավելորդ է նշել, միայն արձանագրենք, որ այդ խմբին «հասարակություն» կոչելը, մեղմ ասած, սիրուն չէ: Ինչեւէ: Ս. Սարգսյանի ելույթը միանգամայն արժանի էր հենց այդ «հասարակությանը», բայց ոչ հայ ժողովրդին, ում տրամադրությունները, դատելով երեկվա ելույթից, Ս. Սարգսյանը շարունակում է ոչ համարժեք ընկալել:

Իր ելույթում Սարգսյանն այդպես էլ ոչ մի բառ չասաց իրենց՝ իշխանությունների պատասխանատվության մասին: Ընդ որում, խոսքը ոչ միայն քաղաքական, այլեւ շատ կոնկրետ՝ պաշտոնական պատասխանատվության մասին է, թե այդ ինչպես եղավ, որ մեր փառապանծ իրավապահ համակարգը, որին հասցեագրված իր շնորհակալությունների շարանում Սարգսյանն այդքան շռայլ էր, կարողացավ թույլ տալ նման խայտառակ ձախողում՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավում. «Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի համար։ Սառնասրտությունը եւ մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի եւ սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար»,- Սարգսյանի ելույթի այս հատվածից հետո, թերեւս, իմաստ չուներ անդրադառնալ շարունակությանը, բայց քանի որ նա հաջորդիվ էլ ավելի ուշագրավ պնդումներ արեց, այնուամենյնիվ, արձանագրենք:

Նախ՝ հուլիսի 23-ի իր առաջին ուղերձում Սարգսյանը ձեռնպահ մնաց «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ կոչելուց, թեեւ այդ ժամանակ նրանք դեռ ազատ չէին արձակել պատանդառված ոստիկաններին, եւ, թերեւս, այդ եզրույթի կիրառման համար ավելի շատ հիմքեր կային: Մինչդեռ երեկ, երբ տղաները հանձնվել էին, նրանց «ահաբեկիչ» պիտակավորելը, մեղմ ասած, «սիրուն չէր»: Թեեւ առանձնապես ակնկալիքներ չկային, այնուհանդերձ, եւս մեկ անգամ հուսահատեցնող էր երկրի հոգսերի, անհրաժեշտ անելիքների եւ ազգային համաձայնության կառավարության մասին հռետորաբանությունից հետո արված հայտարարությունը, թե «ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն»: Այդպիսով, փաստորեն, Սարգսյանն ասաց՝ առաջիկայում կադրային փոփոխություններ չեն լինի:

Միակ կարեւոր հայտարարությունը, որը թերեւս հենց «Սասնա ծռեր»-ի պայքարի հիմնական արդյունքը պետք է համարել, այն էր, որ Սարգսյանը երեկ միանշանակ կերպով հայտարարեց. «Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է»:




Լրահոս