ՀԱՐՑ. Եթե մի քանի ամիս չեմ ունեցել մեքենա, հետեւաբար չեմ ունեցել ԱՊՊԱ պայմանագիր: Հիմա գնել եմ մեքենա եւ պետք է ձեռք բերեմ ԱՊՊԱ: Խնդրում եմ ասեք՝ հիմա ինչպես է հաշվարկվելու ապահովագրավճարը: Ցանկանում եմ տեղեկանալ, իմ նախկին ապահովագրական պատմությունը հաշվի առնվելո՞ւ է, թե՞ ոչ:
Վարդան Իսահակյան (38 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, Ձեր՝ որպես վարորդի, ինչպես դրական, այնպես էլ բացասական ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում ապահովագրավճարի սահմանման ժամանակ, անկախ բոլոր հանգամանքներից (մեքենայի փոփոխություն եւ այլն): Եթե Դուք որոշակի ժամանակ ոչ մի պայմանագրում որպես լիազորված տիրապետող չեք եղել, ապա այդ օրերի քանակը որեւէ կերպ չի ազդում Ձեր՝ հետագայում ստանալիք բոնուսային դասի վրա:
Օրինակ՝ եթե Դուք 2013թ. ընթացքում վարել եք մեքենա, որի ԱՊՊԱ պայմանագրում նշված եք եղել որպես լիազորված տիրապետող եւ այդ ընթացքում ունեցել եք պատահար, սակայն հաջորդ պայմանագիրը, որում Դուք կլինեք որպես լիազորված վարորդ, կլինի 2020թ., ապա 2013 թվականին ունեցած դեպքի համար մալուսային դաս կստանաք 2020թ.: Իսկ բոնուսի դեպքում 2013-ից մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածը չի դիտարկվի որպես բոնուսային դասի հաշվարկման համար օրերի քանակ, եւ այդ օրերի համար Դուք բոնուս չեք ստանա, քանի որ այդ ընթացքում որեւէ ԱՊՊԱ պայմանագրում նշված չեք եղել:
Այսինքն՝ դրական պատմությունը հաշվարկվում է, եթե պայմանագրում նշված եք եղել որպես լիազորված տիրապետող, իսկ բացասականը՝ անկախ պայմանագրում նշված լինելու հանգամանքից:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ԱՊՊԱ պայմանագրի եւ կտրոնի կորստի, հափշտակման, վնասման կամ ոչնչացման դեպքում ապահովադիրն այդ մասին գրավոր տեղեկացնում է ապահովագրական ընկերությանը, որն էլ պարտավոր է ստուգել տվյալ անձի հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու փաստը եւ անհապաղ ապահովադրին տրամադրել պայմանագրի կրկնօրինակը եւ (կամ) նոր ԱՊՊԱ կտրոն: