ՀՀ իշխանությունների անգործունակության հետևանքը. մինչ երկրում «վհուկների որս» են անում, ձևավորվում է նոր համագործակցության առանցք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ մինչ Հայաստանի իշխանությունները զբաղված են երկրի ներսում «վհուկների որսով», ձեւավորվում է նոր՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան տնտեսաքաղաքական համագործակցության առանցք, որը հեռանկարում խոստանում է հերթական, եւ գուցե վերջին անգամ, Հայաստանը դուրս թողնել տարածաշրջանային կարեւոր տնտեսական նախագծերից:

Երեկ Բաքվում Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններով Ադրբեջանը մի նոր եւ շատ կարեւոր քայլ կատարեց սեփական տնտեսաքաղաքական դիրքերի ամրապնդման գործում:

Արդեն իսկ հայտնի է, որ վերը նշված եռակողմ համաձայնագրերի արդյունքում գործարկվելիք երկաթուղին օրակարգից իսպառ դուրս կթողնի այնքան երկար չարչրկված հայ-իրանական երկաթուղու կառուցման հեռանկարը: Մի բան, որը տարփողվում էր դեռեւս Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներից եւ որը, ինչպես եւ մնացած հայ-իրանական նախագծերը, այդպես էլ մնաց թղթի վրա:

Եվ հայ-իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի եւ Արաքսի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման ուղղությամբ անցած տարիներին, բացի դատարկ հայտարարություններ անելուց, հայկական կողմն այդպես էլ գործուն քայլեր չձեռնարկեց, դե, իսկ երկաթուղու դեպքում էլ հնարավոր չեղավ ձեռք բերել ֆինանսական անհրաժեշտ միջոցները, որոնք, ի դեպ, բավականին մեծ էին՝ շուրջ 3 միլիարդ:

Եթե այն ժամանակ Իրանը պատժամիջոցների տակ էր, եւ այդ երկաթուղու կառուցումը նրա համար կենսական նշանակություն ուներ, ինչի պատաճառով էլ վերջինս պարբերաբար հայտարարում էր, որ պատրաստ է սկսել իր սահմանում երկաթուղու կառուցումը հենց այն օրը, երբ դա կանի Հայաստանը, ապա հիմա արդեն, եթե անգամ ՀՀ իշխանություններին հաջողվի ինչ-որ հրաշքով ձեռք բերել անհրաժեշտ միջոցները /ինչի հետ կապված որոշակի հույսեր ունեին Չինաստանի հետ/, այդ երկաթուղու գործարկումն այլեւս չի հետաքրքրի իրանական կողմին:

Իրավիճակի ողջ ողբերգությունն այն է, որ ներկայիս Ադրբեջան-Իրան-Ռուսաստան մերձեցումը ոչ թե Իրանի կամ Ռուսաստանի կողմից Հայաստանի շահերի անտեսման, այլ հենց մեր իշխանությունների բացարձակ անգործության արդյունքում է տեղի ունենում:

Եթե 2000թ. Ռոբերտ Քոչարյանը բավարար կամք չդրսեւորեց Իրան-Հայաստան գազատարը նախապես ծրագրված եւ տրանզիտային հնարավորություններ ընձեռող թողունակությամբ կառուցելու համար, ապա Սերժ Սարգսյանն առհասարակ Իրանի հետ համագործակցության որեւէ հնարավորություն չօգտագործեց՝ այդ անսպառ ռեսուրսը թողնելով մեր հարեւան Ադրբեջանի եւ արդեն իսկ Վրաստանի տնօրինմանը:




Լրահոս