Քաղաքապետարանում ստուգումներ են սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւ ամպեր են կուտակվել Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցների գլխին: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ նախօրեին իրավապահները խուզարկություն են կատարել Արթիկի քաղաքապետարանում, որտեղից առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր: Ըստ տարածված լուրերի` իրավապահները հայտնաբերել են բազմաթիվ քաղաքացիների տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները քաղաքացիները, ըստ կարգի, ձեռք են բերում միայն բանկերից, սակայն ինչ-ինչ հանգամանքներում այդ կտրոնները հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում: Ըստ պտտվող լուրերի՝ քաղաքապետարանի հայտնաբերված կեղծ փաստաթղթերի հիմքում կանգնած է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի աներորդին, որը Արթիկի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետն է՝ Կարեն Բիչախչյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց վերջինից պարզել, թե ինչ փաստաթղթեր են իրավապահները առգրավել, եւ թե ինչ կապ ունի նա քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների հետ: Կ. Բիչախչյանը պատասխանեց. «Նման տեղեկություն չունեմ, նման բան հայտնաբերել են, թե ոչ, եւ ես էլ կապ չունեմ դրա հետ: Ինչ հարցով Դուք զանգահարել եք, դրա հետ կապ չունեմ, իսկ եթե կան մարդիկ, որ իմ անունը կապում են դրա հետ, թող փաստարկներ բերեն, այլ ոչ թե միայն անուն կապեն»:
Արթիկում տարածված լուրերի համաձայն՝ այս պատմության մեջ խառն է նաեւ պատգամավոր Պետոյանի վարորդը՝ Գեւորգ անունով, որն առավել հայտնի է Բոքս մականունով:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն բացահայտել էր կեղծ փաստաթղթերի պատրաստման, իրացման հանցավոր գործողությունների շարք. «Երեւանում, ինչպես նաեւ ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի շրջանակներում ապրիլի 20-ին Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են տեխնիկական զննության 1000-ից ավել կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:

Հարուցված քր. գործով 9 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 8 նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել: Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը եւ պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաեւ հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ»:
Չի բացառվում, որ այս ամենի արդյունքում էլ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել Արթիկի քաղաքապետարանում եւ նոր բացահայտումներ իրականացրել:
Քնար Մանուկյան




Լրահոս