Նոյեմբերի 10-ին Արարատում կայացած քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` խորին շնորհակալություն հայտնելով արարատցիներին, որոնք իրենց ձայնը տվել են ԲՀԿ-ին: Հիշեցնենք, որ պաշտոնական արդյունքներով՝ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը: Այն դեպքում, երբ Գ. Ծառուկյանը որեւէ դժգոհություն չի ներկայացրել ընտրությունների վերաբերյալ, ԲՀԿ ղեկավար կազմի որոշ անդամներ արդեն իսկ կարծիք են հայտնել, որ քաղաքապետի ընտրություններն անցել են կեղծիքներով: Այդ կարծիքին է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
-Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում Արարատի քաղաքապետի ընտրությունները:
-Կարծում եմ՝ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, ընդամենն իշխանությունը հավատարիմ մնաց իր գործելաոճին: Արարատի ընտրություններում տեղի ունեցավ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում բոլոր կարգի ընտրություններում՝ լինի դա տեղական, խորհրդարանական, թե նախագահական ընտրություն: Փոքր Արարատում իշխանությունը գործի դրեց իր ողջ ռեսուրսը, ընտրակեղծիքի իր ողջ ծաղկաբույլը, արվեց հնարավորն ու անհնարը գոնե մի քանի ձայնով ԲՀԿ-ի թեկնածուին գերազանցելու համար: Եվ եթե տոտալ ընտրակեղծիքներով, ընտրակաշառքով, ահաբեկումներով, սպառնալիքով, ճնշումներով, բոլոր պետական հիմնարկների վրա կոնկրետ հանձնարարականներ իջեցնելով հանդերձ՝ տարբերությունն ընդամենը 300 ձայն եղավ, ու իրենք դա համարում են խոշոր հաղթանակ, ուրեմն իրենք աննախադեպ եւ աննկարագրելի հերոսներ են:
-Բայց այս անգամ Դուք ավելի վստահ էիք հայտարարում, թե ԲՀԿ-ն հաղթելու է, ինչո՞ւ կրկին պարտվեցիք:
-Երբ որ դու մտնում ես ընտրապայքարի, դու գնում ես հաղթելու, բայց մենք երբեւէ չենք թերագնահատել իշխանությանը՝ քաջ իմանալով, թե այն ինչի է ընդունակ: Նույն իշխանական մեքենան, որ աշխատեցրել են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում, նույն ձեւով վարվել է Արարատի ընտրությունների ժամանակ:
-Գուցե ԲՀԿ-ն է թուլացել ու կորցրել իր նախկին «ուժը»:
-Բացարձակապես այդպես չէ: Կուսակցությունը չի թուլացել, համարում եմ, որ ՀՀ-ում այն ամենամեծ վստահությունը վայելող քաղաքական ուժն է: Ու դա այն վստահությունն է, որ մենք ստացանք Արարատում: Շատ ցավում եմ, որ ՀՀ քաղաքացին սովորել է գումար վերցնել եւ գնալ, գումարով ընտրել:
Հ.Գ. Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ականները շատ բարձր տրամադրություն ունեին, բոլորը միմյանց շնորհավորում էին հաղթանակի առթիվ ու դա առավելապես անում` ի ցույց ԲՀԿ-ականների:
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է, ԻՍԿ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ