Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի` հերոսի պատկերով շապիկը, խայտառակ մրցավարությունն ու հայ մարզիկների փայլուն հաղթանակը. միջազգային մամուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Նա եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային:

Օլիմպիական չեմպիոնը կրում էր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկը, գրում է Euromedia24-ը՝ նշելով, որ կրտսեր սերժանտ Աբաջյանը միայնակ կռիվ է տվել հակառակորդի դեմ, իսկ երբ հակառակորդը մոտեցել է, հակառակորդի հետ միասին պայթեցրել է իրեն:

Վերջին անգամ, ինչպես նշում է Euromedia24-ը, անկախ Հայաստանի ներկայացուցիչները օլիմպիական ոսկի էին նվաճել 1996թ. Ատլանտայում՝ շնորհիվ Արմեն Նազարյանի ջանքերի:

Ավելի վաղ, ինչպես հիշեցնում է կայքը, խայտառակ և կողմնակալ մրցավարության պատճառով Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից:

Կայքը նշում է նաև, որ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 9:0 հաշվով ջախջախել է թուրք մարզիկին: Ռիոյում Հայաստանին առաջին մեդալ (արծաթ) բերեց ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):




Լրահոս