Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ո՞ր մարմինն է իրականացնում իրավաբանական անձանց ստորաբաժանումների եւ հիմնարկների պետական հաշվառում: Եվ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառման համար:

Ռուբեն Կիրակոսյան (41 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Որպեսզի իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումները եւ հիմնարկները հանդես գան իրավահարաբերության առանձին սուբյեկտներ, նրանք ենթակա են պարտադիր պետական հաշվառման, որը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր եւ այլն):

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների պետական հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաեւ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.
բ) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը՝ ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին: Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումը աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:




Լրահոս