«Տեսար՝ ինչ եղավ» իրավիճակում հայտնված Էդվարդ Նալբանդյանին մեղադրել պետք չէ, նա պարզապես չգիտի` ինչ բովանդակությամբ «ճառեր ասի». խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես ապրիլյան պատերազմի օրերին ընդհատակ անցած եւ ձկների նախանձը շարժող լռությամբ միայն հիշատակվող ՀՀ արտգործնախարարն առանց անհարմար զգալու օրեր անց «ջրի երես դուրս եկավ» եւ վերստին կրկնեց արդեն ձանձրացնող միտքը, թե ինքը ոչ թե «ճառ ասող է, այլ զանգ կախող»: Մի կողմ թողնելով այն, որ դիվանագետի առաջնային հմտություններից մեկը դրսեւորվում է հենց գրագետ ճառ ասելու մեջ, արձանագրենք, որ Է. Նալբանդյանի կախած զանգերն էլ որեւէ կերպ ո՛չ տեսանելի են, ո՛չ էլ լսելի:

Սակայն Նալբանդյանի լռությունը, թերեւս, պատճառներ ունի՝ նախկինի դառը դասերից բխող: Մի քանի տարի առաջ, երբ Նալբանդյանին եւ նրա ղեկավարին թվում էր, թե հայկական հեռահար ռազմավարական շահերը ստորադասելով իրավիճակային լուծումներին, իրենք կարող են հասնել թուրքերի հետ հարաբերությունների կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ-ում եւ Հանրապետական կուսակցությունում ամեն առիթով եւ անառիթ հայտարարում էին, թե այսուհետ Հայաստանը վարում է «նախաձեռնողական արտաքին քաղաքականություն»:

Ընդ որում, որպեսզի ակնառու դառնա, թե որքան էին այդ մարդիկ կտրված իրականությունից, հիշենք, թե ինչ կանխատեսումներ էին հնչում տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված: Այս օրերին հանրապետականների թեւի տակ գործող եւ ՀՀ երկու փոխարտգործնախարարների հայր /աներ հայր/ հանդիսացող Խոսրով Հարությունյանը, օրինակ, 2009 հոկտեմբերին կանխատեսում էր, որ մինչեւ տարեվերջ հայ-թուրքական սահմանը կբացվի:

Ավելին՝ ինչպես եւ քրիստոնեության 1700-ամյակից առաջ, նա արդեն իսկ հաշվում էր, թե դրանից մեր պետբյուջեն որքան եկամուտ կունենա: Ինքը՝ Նալբանդյանը եւս չէր խուսափում «ճառեր ասելուց»՝ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վարդագույն հեռանկարները:

Իրադարձությունների հետագա զարգացումից հետո Թաթա Սիմոնյանի «Տեսար՝ ինչ եղավ» հայտնի երգի մոտիվներով Նալբանդյանի հաջորդ ճառասացությունը դրսեւորվեց ՀՀ-ԵՄ շուրջ 4 տարի տարվող բանակցությունների ընթացում: Հայ-թուրքական գործընթացի տապալումից հետո նոր՝ Եվրոպական ինտեգրացիայի վարդագույն հեռանկարներից խոսող Էդ. Նալբանդյանը էլի ջանք ու եռանդ չէր խնայում՝ ներկայացնելու այն օգուտները, որոնք ՀՀ քաղաքացիներին սպասվում էին այդ գործընթացի արդյունքում:

Սակայն վերստին Նալբանդյանը հայտնվեց «Տեսար՝ ինչ եղավ» իրավիճակում, քանզի նախաստորագրումից ընդամենը երկուսուկես ամիս առաջ ամբողջությամբ պատրաստ Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի, ընդամենը մեկ գիշերվա մեջ ի չիք դարձան՝ Սերժ Սարգսյանի կամքով, կամ, ավելի ճիշտ, կամքի բացակայությամբ:

Եվ ուրեմն, հիմա շատ պետք չէ մեղադրել Նալբանդյանին. մարդն ուղղակի չգիտի՝ ինչ խոսի, ինչ բովանդակության «ճառեր ասի», որ կարճ ժամանակ անց չհայտնվի անհարմար վիճակում:




Լրահոս